Չհասկացա «Գայանե» բալետի ներկայացման տապալման իմաստը. Կոնստանտին Օրբելյան
Մշակույթ
15:44 14/06/2017
Հայաստան

Չհասկացա «Գայանե» բալետի ներկայացման տապալման իմաստը. Կոնստանտին Օրբելյան

«Ես չգիտեմ: Այդ ամենի իմաստն այդպես էլ ես չհասկացա»,- «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրենի պաշտոնակատար Կոնստանտին Օրբելյանը՝ պատասխանելով հարցին, թե ի վերջո ի՞նչն էր հունիսի 8-ին Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետի տապալման պատճառը, ինչո՞ւ  երաժիշտները դուրս չէին եկել բեմ:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին  Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի շրջանակներում ներկայացվելու էր Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետը: Սակայն ներկայացումը չէր կայացել, քանի որ նվագախումբը դուրս չէր եկել բեմ: Ներկայացման բոլորը տոմսերը վաճառված էին եղել, դահլիճը լեփ-լեցուն էր եղել:

Կ. Օրբելյանի խոսքով, հունիսի 9-ին տեղի էր ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ որևէ մեկը չի կանգնել ու չի ասել, թե ինչ են ուզում. «Օրինակ՝ ուզում ենք, որ այս պատերն այլ գույնի ներկեք: Բայց որևէ մեկը ոչ մի բան չասաց, թե ինչու արեցին դա»:

Հարցին՝ ասում են, որ բողոքի ակցիա է՝ կապված թատրոնում կրճատումների հետ, նա պատասխանեց. «Այդ դեպքում հրապարակայնորեն մի բողոքեք, այլ դիմեք կառավարությանը, պետական հաստատություններին, որոնք սկսում են օպտիմալիզացիա: Դա ամենուր է: Մեր բյուջեն էլ կրճատում են: Այդ մարդկանց, ովքեր աշխատում են, ինչպես պետք է վճարենք, եթե մեր բյուջեն էլ  կրճատում են: Դա կառավարությանն ուղղված հարց է, ոչ թե ինձ: Ես ընդամենը թատրոնի տնօրենն եմ»:

Կ.Օրբելյանն ասաց, որ մեղավորները կպատժվեն, որովհետև խափանվել է բեմադրությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը թատրոնի տնօրենի առաջին տեղակալ Կարինե Կիրակոսյանն ասել էր, որ բոլորը բացատարագրեր են գրում, թե ինչու չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, խափանել են ներկայացումը:

«Երբ բոլորը գրեն բացատրագիր, նոր պարզ կդառնա, թե ինչն է եղել պատճառը: Երբ թատրոնի ներսում պարզ դառնա, թե ինչու է նվագախումբը հրաժարվել նվագել, մեղավորները խստագույնս պատժվելու են»,- նշել էր նա: 

Placeholder
Չհասկացա «Գայանե» բալետի ներկայացման տապալման իմաստը. Կոնստանտին Օրբելյան