Լևոն Ալթունյանը չի նախատեսում որևէ հիվանդանոց գնել, որ դրված է մասնավորեցման
Առողջություն
16:54 15/06/2017
Հայաստան

Լևոն Ալթունյանը չի նախատեսում որևէ հիվանդանոց գնել, որ դրված է մասնավորեցման

«Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնավորեցումից հետո պետպատվերը ոչ թե կնվազի, այլ կավելանա»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

«Պետպատվերը ոչ թե կենտրոնին է տրվում, այլ տրվում է սահմանափակ քանակությամբ հիվանդների բուժման նպատակով: Այդ գումարը տարեկան կազմում է 980 մլն դրամ: Այսինքն՝ այդ գումարը ուռուցքաբանության կենտրոնին տրվում է` որպես պետպատվերի վերաբաշխում: Իսկ գումարը ավելանալու, այլ ոչ թե նվազելու  միտում ունի՝ հաշվի առնելով Հայաստանում ուռուցքային հիվանդությունների աճը: 2018 թվականի բյուջեում մենք մոտավորապես 70-80 տոկոսով ավելացնելու ենք պետպատվերի գումարը, ուստի անհեթեթ է խոսել պետպատվերի նվազեցման մասին»,-  նշեց Լևոն Ալթունյանը:

Հարցին, թե ինչու է պետական կառույց համարվող Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ճառագայթային բուժումը վճարովի, թեև դա պետք է պետպատվերով լինի,  նախարարն ասաց, որ ոչ մի բուժհաստատություն իրավունք չունի գումարներ գանձել այն ծառայություների համար, որոնք ներառված են պետպատվերի շրջանակներում:

«Եթե որևէ հաստատություն նման բան է անում, ուրեմն անօրինական է, չեմ կարծում, որ Ֆանարջյանի անվան կենտրոնը գնում է անօրինական գործողությունների: Ես կարծում եմ, որ խոսքը հավելյալ գործողությունների մասին է»,- նշեց Լևոն Ալթունյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է դեպք առ դեպք ուսումնասիրել. «Խնդրում եմ գրավոր ներկայացնել՝  անուններով, դիագնոզով, ամսաթվով»:

Խոսելով կենտրոնի մասնավորեցումից՝  առողջապահության նախարարն ասաց, որ իրենք ոչ թե ակնկալում են ինչ-որ գումարներ գանձել մասնավորեցումից, այլ ստանալ ավելի մեծ արդյունավետություն կառավարումից, պետական պատվերի գումարներն  օգտագործելուց:

«Այստեղ մենք ակնկալում ենք և՛ կադրային օպտիմալացում, և՛ բուժման ժամկետների կրճատում, և՛ հիվանդների հոսքի կառավարման արդյունավետության աճ»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե արդյոք բիզնեսմենի համար գրավիչ է հիվանդանոց գնելը, օրինակ՝   առողջապահության նախարարը հիվանդանոց կգնե՞ր, Լևոն Ալթունյանը  պատասխանեց՝ ինքը չի նախատեսում որևիցե մի հիվանդանոց գնել, որ դրված է մասնավորեցման։

«Եթե մի հիվանդանոց  կարող է աշխատել ոչ պետական սեփականություն լինելով,  ապա այն կաշխատի այդպես: Անհամատեղելի է, երբ գնորդն ու ծառայություն մատուցողը նույն անձն է, իսկ այս դեպքում պետությունն է և՛ գնորդը, և՛ ծառայություն մատուցողը: Դա մի իրավիճակ է, որ չի խթանում, ավելին՝ խանգարում է արդյունավետությանը»։

Placeholder
Լևոն Ալթունյանը չի նախատեսում որևէ հիվանդանոց գնել, որ դրված է մասնավորեցման