Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պատկերացնո՞ւմ եք, բոլորին հորդորեի չծխել, կողքս ոչ ոք չէր մնա. Լևոն Ալթունյան
«Առողջապահության նախարարությունը երկու ամիս ժամանակ ունի՝ քննարկելու ծխելու դեմ պայքարի միջոցառումները, որից հետո ձեռնամուխ կլինի ծրագիր մշակելու գործընթացին»,-այս մասին գործադիրի այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
«Սեպտեմբերին ծրագիրը կմշակենք, իսկ դրանից հետո մեկ ամսվա ընթացքում այն կներկայացնենք կառավարություն»,- նշեց նախարարը:
Ինչ վերաբերում է ծխելու դեմ հայտարարված միջոցառումների վերաբերյալ արձագանքներին, Լևոն Ալթունյանն ասաց, որ հասարակության 80 տոկոսը կողմ է ծխելու դեմ ամենախիստ պատիժներին, 20 տոկոսը՝ դեմ:
Հարցին, եթե նախարարը ծխեր, ապա կկիրառե՞ր նման օրենք, Լևոն Ալթունյանը պատասխանեց. «Ես մեկ-մեկ ծխում եմ, բայց դա լինում է շատ հազվադեպ»:
Նախարարը նշեց նաև, որ ժամանակին ծխել է և իրեն իրավունք չէր վերապահում գրասենյակում արգելել ծխելը:
«Հենց որ ես թողեցի ծխելը, մենք դարձանք չծխող օֆիս»,- հավելեց նա:
Նաև ասաց, որ թեև չի ծխում, բայց չի էլ հորդորում կողքիններին չծխել. «Պատկերացնում եք, բոլորին հորդորեի, կողքս ոչ ոք չէր մնա»:
Դիտարկմանը, թե ծխախոտի թանկացումը կնպաստի նրան, որ ծխողների թիվը նվազի, Լևոն Ալթույանն ասաց, որ ամբողջ աշխարհում դա ամենաազդեցիկ գործիքն է:
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարը հայտարարել էր, որ ծխախոտի դեմ պայքարում անհրաժեշտ են ավելի խիստ գործողություններ: Հայաստանում հակածխախոտային քաղաքականությունների խստացումը թույլ կտա պաշտպանել բնակչության առողջությունը ծխելու վնասակար ազդեցություններից:
«Գաղտնիք չէ, որ հայերս ծխող ազգ ենք: Ես հանձնարարական ունեմ հանրապետության նախագահից և վարչապետից, որպեսզի մենք պատերազմ հայտարարենք ծխելուն, հաղթենք այս չարիքին՝ ծխախոտին։ Այդ կերպ կարող ենք ծխողների քանակը նվազեցնել 30-40 տոկոսով։ Ամենալավ միջոցը մարդու գրպանին հարվածելն է։ Հոգեբանորեն ազդեցություն ունենալն այն չէ, ինչ գրպանին խփելը։ Կարելի է արգելել ծխել այն վայրերում, որտեղ մարդն ուզում է ծխել, և թույլատրել այնտեղ, որտեղ տհաճ կլինի ծխելը»,- ընդգծել էր նախարարը: