Սոցիալական խնդիրներն ավելի դյուրին լուծելու համար պետք է ավելի բարձր տնտեսական աճի հավակնել. Վարդան Արամյան
Տնտեսություն
16:35 16/06/2017
Հայաստան

Սոցիալական խնդիրներն ավելի դյուրին լուծելու համար պետք է ավելի բարձր տնտեսական աճի հավակնել. Վարդան Արամյան

«Ցուցանիշները բավական ամբիցիոզ են: Մենք չենք վախենում մեր առջև դնել ավելի բարձր թիրախային  ցուցանիշներ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ՝ պատասխանելով հարցին, թե  նախօերին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ՀՀԿ-ն կառավարությանն առաջարկել է տարեկան ապահովել 5 տոկոս տնտեսական աճ, առաջիկա հինգ տարիներին նվազագույն աշխատավարձի աճ՝ 25 տոկոս, 12 տոկոսով գործազրկության նվազում, իրատեսական համարո՞ւմ եք այս պահանջները:

Նա նշեց, որ այդ բարձր նշաձողը նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում դրեց կառավարության առաջ, իրենք պարտավոր ենք դա իրագործել:

Նախարարի խոսքով, մեկ ամսից կեզրափակեն միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որի  հիմքում դրված է 5 տոկոսանոց  միջին տնտեսական աճի նշաձողը, միաժամանակ կրկնելով, որ 3,2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշն իրենց նախընտրած ցուցանիշը չէ. «Որպեսզի կարողանանք սոցիալական խնդիրներն ավելի դյուրին լուծել, մենք պետք է ավելի բարձր տնտեսական աճի հավակնենք: Հավակնություն նշանակում է ջանքեր: Կհաջողվի, թե ոչ, ժամանակը ցույց կտա, բայց դրա համար պետք է ջանք թափել և ավելի բարձր նշաձող դնել»:

Վ. Արամյանն ասաց, որ երբեք ծրագրում չեն դնի այնպիսի ցուցանիշներ, որոնք կհամարեն ընդհանրապես անիրագործելի:

«Դնում ենք այնպիսի ցուցանիշներ, որոնք բարդ են լինելու իրագործել, բայց մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել, որ ունենք բազմաթիվ մարտահրավերներ, այդ թվում նաև մեր հարևանների հետ:  Դրա միակ բանալին կայուն տնտեսական աճն է, բարձր տնտեսական աճն է, դրա համար պետք է ջանքեր գործադրել»,- նշեց ֆինանսների նախարարը:

Պատասխանելով հարցին, եթե չապահովեք իշխող ուժի այս պահանջը,  հրաժարական կներկայացնե՞ք, Վարդան Արամյանն ասաց. «Իրականում այն ցուցանիշների վրա, որոնք պետք է ապահովել կամ չապահովել, բազմաթիվ գործոններ կան, որ կարող են ազդել: Հայաստանը մեկուսացած չէ, կան գլոբալ տենդենցներ,  զարգացումներ, որոնք կարող են քեզ վրա ազդել»:


 

Placeholder
Սոցիալական խնդիրներն ավելի դյուրին լուծելու համար պետք է ավելի բարձր տնտեսական աճի հավակնել. Վարդան Արամյան