Արցախն արևային էներգիայի ոլորտը զարգացնելու լուրջ պոտենցիալ ունի. փոխնախարար
Տնտեսություն
12:52 15/06/2017
ԼՂՀ

Արցախն արևային էներգիայի ոլորտը զարգացնելու լուրջ պոտենցիալ ունի. փոխնախարար

Արցախի վարչապետի հանձնարարականով Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է արևային էներգիայի ոլորտի հնարավորությունների ուսումնասիրություն: Այս  մասին  «Արցախպրես»-ի   թղթակցի  հետ զրույցում ասել է Արցախի  Հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը:

«Վարչապետը հստակ հանձնարարական է տվել՝ սահմանել ժամանակացույց: Վեցամսյա ժամկետում պետք է մեր մասնագետներն ուսումանսիրեն արևային էներգիայի ոլորտի հնարավորությունները: Ներկայում այդ փուլում ենք, ուսումնաիրություններն ավարտելուց հետո կներկայացնենք կոնկրետ առաջարկներ արևային էներգիայի ոլորտը զարգացնելու համար»,- ասել է  Տ. Գաբրիելյանը  և  նշել, որ Արցախն արևային էներգիայի ոլորտը զարգացնելու լուրջ պոտենցիալ ունի:

Էկոնոմիկայի փոխնախարարի խոսքով՝ այժմ քարտեզագրման աշխատանքներն են իրականացվում, տարածքներ են առանձնացվում: Նա նշել է, որ ուսումնասիրություններն ավելի կոնկրետ ցույց կտան, թե որ հատվածներում կարող ենք արևային կայաններ տեղադրել: Համոզված եմ, որ բավական մեծ  հնարավորություններ կան ոլորտի զարգացման համար:

«Ոլորտով հետաքրքվող ներդրողներ կան: Նրանց կոնկրետ հաշվարկներ պետք է ներկայացվեն: Հետևաբար ուսումնասիրություններն ավարտելուց հետո Արցախի կառավարությունը թիրախավորված կաշխատի ներդրողների հետ»,-ասել է փոխնախարար Գաբրիելյանը:

Նրա խոսքով, նախարարությունն առաջնային է համարում նաև արևային էներգիայի կարևորության հետ կապված բնակչության հետ աշխատանքը: Այդ ուղղությամբ տեղեկատվական բնույթի աշխատանքներ տարվում են, ու դրանք շարունակվում են:

«Վարչապետը հանձնարարել է նաև Քաղաքաշինության նախարարությանն ուսումնասիրել նորակառույց շենքերի տանիքներին արևային էներգիա ստանալու համար նախատեսված սարքավորումները տեղադրելու հնարավորությունները: Բազմակողմանի ուսումնասիրությունների արդյունքները կամփոփվեն սեպտեմբեր  կամ ­ հոկտեմբեր  ամիսներին»,-ավելացրել  է նա:

Placeholder
Արցախն արևային էներգիայի ոլորտը զարգացնելու լուրջ պոտենցիալ ունի. փոխնախարար