Շվեյցարիայի դատախազությունը հաղորդել է ՖԻՖԱ-ում կոռուպցիային վերաբերող 25 գործի հետաքննության մասին
Իրավունք
15:50 17/06/2017
Աշխարհ

Շվեյցարիայի դատախազությունը հաղորդել է ՖԻՖԱ-ում կոռուպցիային վերաբերող 25 գործի հետաքննության մասին

Շվեյցարիայում դատախազությունը զբաղվում է Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայում՝ ՖԻՖԱ-ում, կոռուպցիային վերաբերող 25 գործի ուսումնասիրությամբ:  Լենտա.ռու կայքի հաղորդմամբ, Ասոշիեյթիդ պրեսին այս մասին հայտնել է երկրի գլխավոր դատախազ Մ. Լաուբերը:

Գերատեսչությունն անցկացնում է տվյալների վերլուծություն: Ներկա պահին հայտնաբերվել է 178 հաղորդագրություն գործարքների մասին, որոնք կարող են կապված լինել փողերի լվացման հետ:

Միաժամանակ Լաուբերը հրաժարվել է հայտնել  որևէ ֆիգուրանտի անուն:

Սկզբնաղբյուրի ունեցած տեղեկատվության համաձայն, նրանց թվում է ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատտերը, կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն, նաև  2006 թ. Գերմանիայում աշխարհի առաջնության կազմակերպչական կոմիտեն գլխավորող Ֆրանց Բեկկենբաուերը:

Դատախազությունը նաև զբաղվում է 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնություններն ընդունող երկրների (համապատասախանաբար՝ Ռուսաստան և Քաթար) ընտրության արդյունքների ուսումնասիրությամբ:

Մայիսին Շվեյցարիայի ոստիկանությունը ԱՄՆ արդարադատության նախարարության հարցման հիման վրա ձերբակալել էր կազմակերպության յոթ բարձրաստիճան պաշտոնյայի կոռուպցիայի կասկածանքով:

Ընդհանուր առմամբ, մեղադրանք է առաջադրվել 14 նախկին և գործող պաշտոնյայի: Քննության վարկածով, 20 տարվա գործունեության ընթացքում պաշտոնյաները ստացել են շուրջ 150 միլիոն դոլար կաշառք: Այս ամենի արդյունքում ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից հեռացել էր Յ.Բլատտերը: Դրանից հետո ՖԻՖԱ-ն  հայտարարել էր ներքին հետաքննություն սկսելու մասին:

Placeholder
Շվեյցարիայի դատախազությունը հաղորդել է ՖԻՖԱ-ում կոռուպցիային վերաբերող 25 գործի հետաքննության մասին