«Գայանե» բալետի ներկայացման տապալումը՝  հաշվեհարդար կրճատումների դեմ. նախարար
Մշակույթ
18:00 20/06/2017
Հայաստան

«Գայանե» բալետի ներկայացման տապալումը՝ հաշվեհարդար կրճատումների դեմ. նախարար

««Գայանե» բալետի տապալումը խայտառակություն էր: Լուրջ տապալում էր, սադրանք, մեղավորներն արդեն համապատասխան պատասխանատվության են ենթարկվել»,- «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց  մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին  Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի շրջանակներում ներկայացվելու էր Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետը: Սակայն ներկայացումը չէր կայացել, քանի որ նվագախումբը դուրս չէր եկել բեմ: Ներկայացման բոլորը տոմսերը վաճառված էին եղել, դահլիճը լեփ-լեցուն էր եղել: Ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը թատրոնի տնօրենի առաջին տեղակալ Կարինե Կիրակոսյանն ասել էր, որ բոլորը բացատարագրեր են գրում, թե ինչու չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, խափանել են ներկայացումը:

Ա. Ամիրյանն ասաց, որ ադմինիստարտիվ անձնակազմի 10 աշխատակից, այդ թվում երեք փոխտնօրենի, ծանուցագիր էին տվել: 

«Բացատրագրերը հավաքելուց հետո պարզ դարձավ, որ ծանուցագիր ստացած փոխտնօրեններից Նարեկ Անտոնյանը դիմում է գրել ազատվելու համար՝ վերցնելով կազմակերպման մեղավորությունն իր վրա: Նրանք, ովքեր չէին եղել նվագախմբի համար նախատեսված տեղում, ստացան խիստ նկատողություն, զրկվեցին ընթացիկ հավելավճարներից, նրանք, ովքեր  ներկա էին եղել, ստացան հավելավճարներ»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ թատրոնում այժմ խիստ կարգուկանոն է սահմանված, երկրորդ օրն է օպերային թատրոնում ներկայացումները սկսվում են ամենաուշը ժամը 19:01-ին:

Արմեն Ամիրյանը վստահ է, որ նման բան այլևս չի կրկնվի, որովհետև սադրանք էր:

«Նրանք, ովքեր սադրել էին, բալետային խմբին ասել էին, որ նվագախումբը չի նվագում, նվագախմբին ասել էին՝ բալետային խումբը չի պարում: Պատճառը՝ հաշվեհարդար կրճատումներ դեմ ադմինիստարտիվ աշխատողների կողմից», - ասաց նա:

Նշենք, որ օպերային թատրոնում վերջերս տեղի են ունեցել կրճատումներ. 583 աշխատակցից 10 հոգի կրճատվել է՝ վարչական աշխատակազմից:
 

Placeholder
«Գայանե» բալետի ներկայացման տապալումը՝ հաշվեհարդար կրճատումների դեմ. նախարար