Յուրի Զաքարյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
Առողջություն
18:14 20/06/2017
Հայաստան

Յուրի Զաքարյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Հունիսի 17-ին Արցախում գլխի հրազենային թափանցող վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Յուրի Զաքարյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ ՊՆ Բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:

«Վիճակը ծանր է, բարդ վնասվածք է ստացել: Դեռ միացված է արհեստական շնչառական ապարատին, մեկ-երկու օրից կփորձենք շնչառական ապարատը հանել: Եւ միայն այդ ժամանակ կկարողանանք  վիճակը հստակ գնահատել»,- նշեց բուժծառայության վարչության պետը՝ հավելելով, որ այս պահին անհրաժեշտ բոլոր միջոցառումներն արվում են:

Կամավոր Խաչատրյանը նշեց նաև, որ վիրավոր  զինվորի առողջական վիճակի դինամիկայում վատացում չկա: «Մեզ հաջողվում է այդ վիճակը պահպանել, ինչն այս փուլում շատ կարևոր է: Իսկ մի քանի օրից արդեն կկարողանանք անցնել բուժման մյուս փուլին»,- ընդգծեց Կամավոր Խաչատրյանը:

Նշենք, գլխի հրազենային թափանցող վիրավորում ստացած Յուրի Զաքարյանին Ստեփանակերտում վիրահատել են, հետազոտությունների արդյունքներից ելնելով՝ վիրահատական միջամտության կարիք այս պահին չկա:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը  ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել 1997 թվականին ծնված ՊԲ զինծառայողներ Արայիկ Մատինյանը,  Վիգեն Պետրոսյանը, Վարդան Սարգսյանը : Երեք զինծառայող՝  Արմեն Վարդանյանը, Յուրի Զաքարյանը, Մյասնիկ Հովհաննիսյանը վիրավորվել են:

Հունիսի 17-ին  ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ ևս դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:


 

Placeholder
Յուրի Զաքարյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր