Կառավարության  ծրագրով  նախատեսվում է  նվազագույն աշխատավարձը բարձրացնել 25 տոկոսով
Տնտեսություն
12:25 20/06/2017
Հայաստան

Կառավարության ծրագրով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել 25 տոկոսով

ՀՀ կառավարությունը 2017-2022 թվականների ծրագրով նախատեսում է զբաղվածության աճի և արժանապատիվ աշխատանքի վարձատրության օպտիմալ զուգակցմամբ՝ անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովում՝ հաշվի առնելով կառուցվածքային գործազրկությունը և երկրի մրցունակության նվազման ռիսկերը զսպող նվազագույն աշխատավարձի և աշխատավարձի մեդիանայի համամասնությունը:

Այսպիսով, ըստ ծրագրի, նախատեսվում է 2017-2022 թվականների ընթացքում շարունակել նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացումը`  ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված նպատակադրումներին  համապատասխան:

Կարևորելով արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման համար պայմանների ապահովումը հատկապես աշխատող աղքատների թվի հետևողական նվազման տեսանկյունից՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է նաև  նախաձեռնել ՀՀ աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխություններ՝ եվրոպական ժամանակակից միտումներին համահունչ:

Մասնավորապես ծրագրով  նախատեսվում է՝  հինգ տարվա ընթացքում վերացնել աշխատավարձի  հավելումների և աշխատողների հատուցումների կոշտ կարգավորումները՝ բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության և կոլեկտիվ բանակցությունների կայացմանը զուգընթաց:

Բացի այդ, նշվում է, որ մինչև 2018 թվականի ավարտը պետք է ամբողջականացնել կամավոր աշխատանքի կայացման ու զարգացման իրավական հիմքերը:

Բացի այդ, ծրագրում  նշվում է, որ  2018-2022 թվականների ընթացքում  պետք է կատարելագործել պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության միասնական համակարգը՝ աշխատավարձերի համամասնորեն աճի ապահովման նպատակադրմամբ:

Ծրագրով նախատեսվում է  կատարելագործել կայուն զբաղվածության ապահովմանն ուղղված պետական քաղաքականության շարունակականությունը, մասնավորապես՝

ա. 2018-2020 թվականների ընթացքում ներդնել ՀՀ սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանը, արտագաղթի կանխարգելմանը, երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը, հանրային կառավարման ոլորտում երիտասարդ և բանիմաց մասնագետների ներգրավմանը, գործատուների համար թափուր աշխատատեղերն արդյունավետ համալրելուն ուղղված նոր ծրագրեր,

բ. մինչև 2019 թվականի ավարտը ստեղծել աշխատաշուկայի ընթացիկ և հեռանկարային կարգավորման թափանցիկության և արդյունավետության բարձրացման, զբաղվածության պետական ծառայությունների և ծրագրերի որակի, մատչելիության մեծացման նպատակով ամբողջական էլեկտրոնային կառավարման գործուն համակարգ:

Placeholder
Կառավարության ծրագրով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել 25 տոկոսով