Այս տարվա հունվար-մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.4%-ով
Քաղաքական
16:39 20/06/2017
Հայաստան

Այս տարվա հունվար-մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.4%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017  թվականի հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.4%-ով։ Միաժամանակ, մայիս ամսվա ՏԱՑ-ը ապրիլի նկատմամբ կազմել է 11.9%, իսկ նախորդ տարվա նույն ամսվա՝ մայիսի համեմատ՝ 8.9%:

Ըստ ԱՎԾ-ի՝ առավելագույն աճը նշված ժամանակահատվածում գրանցվել է արդյունաբերության ոլորտում: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-մայիսին աճել է 14.4%-ով, նախորդ ամսվա համեմատ՝ 12.7%-ով, իսկ 2016թ-ի մայիսի համեմատ՝ 20%-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում ևս առկա է աճ 4.6%-ով:  2016թ. հունվար-մայիսի  համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալը նույնպես (առանց առևտրի) աճել է 11 տոկոսով:

Ըստ ԱՎԾ-ի` առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 12.8%-ով:

Սպառողական գները ևս  նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ աճել են 0.4%-ով:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալին, ապա այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.5%-ով:

2017թ-ի հունվար-մայիսին  շինարարության ծավալը ևս նվազել է 12.1%-ով:

Ինչ վերաբերում է արտաքին առևտրաշրջանառությանը, ապա հունվար-մայիսին  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 23.1 %-ով,  ընդ որում` արտահանումն ավելացել է 20.9 %-ով (803.9  մլն դոլար), իսկ ներմուծումը՝ 24.4%-ով  (1 մլրդ 482.3 մլն դոլար):

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-մայիսին  հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 1.9 %-ով, իսկ տարեկան կտրվածքով` 2.7%. պետական համակարգում միջին աշխատավարձը նվազել է 0.4%-ով` կազմելով 156 հազ. դրամ: Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա այստեղ աճը կազմել է 2.4%՝ հասնելով 224 հազար դրամի:

Placeholder
Այս տարվա հունվար-մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.4%-ով