Քաղաքագետ. Մինսկի խմբի հայտարարարությունը, մեղմ ասած, հիասթափեցնող էր
Քաղաքական
14:44 20/06/2017
Հայաստան

Քաղաքագետ. Մինսկի խմբի հայտարարարությունը, մեղմ ասած, հիասթափեցնող էր

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը  հնարավորություն է տալիս  Ադրբեջանին շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը առաջնագծում»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նա նշեց, որ Մինսկի խմբի համանախագահները շատ սահմանափակ հնարավորություններ ունեն, փորձում են լինել միջնորդների առաքելության մեջ:

«Այս անգամ մենք տեսանք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձեց հնարավորինս ճնշում գործադրել համանախագահների վրա, սահմանային լարվածության պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա: Դրա արդյունքում ունեցանք համանախագահների՝ ոչինչ չասող հայտարարություն»,-ասաց քաղաքագետը:

Բանախոսը հիասթափեցնող է համարում տարածաշրջան այցից հետո նման հայտարարությամբ հանդես գալը:

«Եթե զուտ քաղաքական տեսակետից նայենք, ապա դա ցույց տվեց Ադրբեջանի իշխանություններին, որ Մինսկի խումբը  պատրաստ է նոր զիջումների, իսկ այդ զիջումները Ադրբեջանում հասկանում են որպես նոր լարվածություն առաջացնելու կամ նոր կրակոցներ արձակելու թույլտվություն»,-ասաց նա:

Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ այս պահին ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների սեղանի շուրջ չի վերադառնում հայկական կողմը:

«Իմ տպավորությամբ հայկական կողմը չի վերադառնում բանակցային սեղանի շուրջ, մի պարզ պատճառով: Ապրիլից հետո մենք բարձրաձայնեցինք նախապայմաններ, որոնց առկայության դեպքում կշարունակենք բանակցել, պայմանները վերաբերում են վստահության մեխանիզմների ստեղծմանը, տեխնիկական սարքերի տեղադրմանը,  սահմանային միջադեպերի քննությանը, ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի գրասենյակի հնարավորությունների ընդլայնմանը: Այսինքն՝ սրանք մեզ թույլ կտան հավաստիանալ, որ բանակցային նոր գործընթացն Ադրբեջանը չի օգտագործի պատերազմ սկսելու համար, ինչպես արվել է նախկինում»,-ասաց նա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով, այսօր  բանակցությունները չեն վերսկսվում հայկական կողմի վճռական ու հետևողական դիրքորոշման պատճառով:

«Ադրբեջանը շատ կուզեր նստել բանակցությունների սեղանին, մի կողմ դնել իր համար ապրիլյան իրադարձությունների քաղաքական հետևանքները և ամեն ինչ սկսել զրոյից, որտեղ իրենք կարող են որոշակի խնդիրներ լուծել: Հայկական կողմը դա թույլ չի տալիս»,-ասաց քաղաքագետն ու ճիշտ գնահատեց նման մարտավարությունը:

Placeholder