Սեյրան Սարոյան. Թուրքի դեմ կարում ենք պայքարենք, կարկուտի դեմ չենք կարում
Տնտեսություն
11:14 21/06/2017
Հայաստան

Սեյրան Սարոյան. Թուրքի դեմ կարում ենք պայքարենք, կարկուտի դեմ չենք կարում

ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանի ուշադրությունը հրավիրեց կարկուտից տուժած Արմավիրի գյուղերի բնակիչների ու հակակարկտային կայանների անարդյունավետության խնդիրներին:

«Մոտ 11 գյուղ ուղղակի ավիրեց, 7 գյուղ, որ ամեն ինչից զրկված է: Գիտեմ, որ հիմա հաշվարկներ են իրականացվում: Բայց շուտ ինչ-որ մի բանով կարողանանք օգնել գյուղացուն, էս վիճակից հանենք: Յոթ գյուղի կեսը հաստատ կթողնի, կգնա ռուսաստաններ»,-ասաց Արմավիրից ընտրված պատգամավորը:

Նա նշեց, որ գյուղացիների մեծ մասը բանկերից վարկեր այլևս չեն կարողանում վերցնել:

«Իրար վկա էլ չկա, որ կանգնեն, նոր վարկ վերցնեն: Սաղ գյուղն իրար վկա են: Վկա չունեն գյուղերում, փող չունեն գյուղերում: Կարկուտն եկավ ավիրեց, թուրքից բեթար է էդ կարկուտը: Թուրքի դեմ կարում ենք պայքարենք, կարկուտի դեմ չենք կարում»,-ասաց նա:

Նա նաև առաջարկեց հակարկտային հզոր թնդանոթներ դնել, քանի որ եղածներն արդյունք չեն տալիս:

«Ամեն տարի էդ նույն գյուղերը նույն աղետի մեջ են: Հիմա ոնց որ գնանք կռիվ, ավտոմատի փոխարեն պիստալետ վերցնենք ձեռքներս: Կարելի է ինչ-որ թազա բան մտածել»,-ասաց պատգամավորը:

Նա առաջարկեց օգնության վերաբերյալ գյուղացիներին հստակ բան ասել, գյուղնախարարին էլ՝ այցելել կարկուտից տուժած համայնքներ:

«Թե չէ ասում են՝ կարող է վարկերը սառեցնենկամ չսառեցնեն, ժողովուրդը կմեռնի ըտենց: Հեսա ինչքան ինֆարկտ եղավ, գյուղնախարարն է պատասխան տալու էդ ժողովրդի համար: Խնդրում եմ՝ էդ հարցին ուշադիր եղեք, պարոն վարչապետ, պիտի օգնենք մեր գյուղացուն»,-ասաց Սարոյանը:

Ի պատասխան վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ երեկ խորհրդակցություն է տեղի ունեցել, որին մասնակցել են գյուղատնտեսության, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարները, ԿԲ ներկայացուցիչները, մարզպետը: Վաղը կամ մյուս օրը կհայտարարեն տուժած գյուղացիների օժանդակության մասին:

«Կարծում եմ, այն առաջարկությունները, որ անելու ենք, ընդունելի են լինելու մեր քաղաքացիների համար»,-ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է հակակարկտային կայաններին, ապա կառավարության ղեկավարն ասաց, որ պիլոտային ծրագիր են իրականացնում հրթիռային համակարգին անցնելու համար:

«Մենք վստահ ենք, որ պիլոտային ծրագրի հաջողակ լինելու դեպքում, իսկ բոլոր նախապայմանները կան, մենք սկզբունքերոն կվերացնենք կախվածությունը աղետներից ու կհեշտացնենք մեր գյուղացու կյանքը»,-ասաց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Placeholder
Սեյրան Սարոյան. Թուրքի դեմ կարում ենք պայքարենք, կարկուտի դեմ չենք կարում