ՏՄՊՊՀ-ի որոշմամբ արգելվել է ամերիկյան «Մայքրոսոֆթ» ընկերության չարտոնագրված ծրագրերի վաճառքը Հայաստանում
Իրավունք
13:25 21/06/2017
Հայաստան

ՏՄՊՊՀ-ի որոշմամբ արգելվել է ամերիկյան «Մայքրոսոֆթ» ընկերության չարտոնագրված ծրագրերի վաճառքը Հայաստանում

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմում-բողոք է ստացել ամերիկյան «Մայքրոսոֆթ» կորպորացիայի ՀՀ-ում լիազոր ներկայացուցիչը հանդիսացող «ԲԻ ԷՍ ԷՅ» ընկերության կողմից: Ընկերությունը հայտնել է, որ ինչպես աշխարհի բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ «Մայքրոսոֆթի» շահերի և հեղինակային իրավունքների պաշտպանությամբ հանդես է գալիս իրենց ընկերությունը:

Ըստ դիմում-բողոքի, հանրապետությունում համակարգիչների վերավաճառքով զբաղվող ընկերություններում կատարված գաղտնի ստուգումների և մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ տասնյակ ընկերություններ գնորդներին վաճառում են «Մայքրոսոֆթի» կողմից մշակված ծրագրերի չարտոնագրված, այլ կերպ ասած՝ հենային տարբերակները:

Հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակներում բացահայտվել են տասնյակ դեպքեր, երբ, իսկապես մի շարք ընկերություններ գնորդներին վաճառել են «Մայքրոսոֆթի» չարտոնագրված տարբերակները:

Հանձնաժողովի դիտարկմամբ, նման գործունեությունը կարող է առաջին հերթին վնաս պատճառել սպառողին, որոնք կրում են չարտոնագրված ապրանք ձեռք բերելու ռիսկը, և, բացի այդ, այն նաև կարող է լուրջ խնդիր առաջացնել տվյալ շուկայում օրինական գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար՝ վնասելով նրանց շահերին: Հետևապես, համակարգչային տեխնիկայի վաճառքով և սպասարկմամբ զբաղվող մի շարք ընկերությունների գործունեությունը դիտարկվել է որպես անբարեխիղճ մրցակցության դրսևորում, ինչի համար օրենքով սահմանված կարգով վերջիններս ենթարկվել են պատասխանատվության:
 

Placeholder
ՏՄՊՊՀ-ի որոշմամբ արգելվել է ամերիկյան «Մայքրոսոֆթ» ընկերության չարտոնագրված ծրագրերի վաճառքը Հայաստանում