ԿԳՆ-ն վիճահարույց  ատամնաբույժների, բուհերի ու դիպլոմների մասին Իսրայելից մանրամասներ է խնդրել
Կրթություն, գիտություն
12:24 23/06/2017
Հայաստան

ԿԳՆ-ն վիճահարույց ատամնաբույժների, բուհերի ու դիպլոմների մասին Իսրայելից մանրամասներ է խնդրել

ԿԳՆ-ն սկսել է զբաղվել Իսրայելի առողջապահության նախարարության հայտարարությամբ:

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն.

«Հաշվի առնելով վերջին շրջանում հանրային հնչեղություն ստացած այն փաստը, որ Իսրայելի առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է տեղեկատվություն, համաձայն որի` Իսրայելի պետությունը չի երաշխավորում Հայաստանում բժշկական կրթություն ստացած շրջանավարտների աշխատանք գտնելու հնարավորությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտնում է, որ համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ արտաքին գործերի նախարարություն»:

Նախարարությունից մանրամասնում են, որ ԱԳՆ-ին ուղղված գրությամբ խնդրում են պետական այդ կառույցի միջնորդությունը իսրայելական կողմից մանրամսներ ստանալու գորոծում:

Գրության մեջ ասված է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման հրապարակումները ստվեր են գցում ոչ միայն Հայաստանի կրթական համակարգի, այլ նաև ողջ պետության միջազգային հեղինակության վրա, խնդրում ենք Ձեր միջնորդությունը` Իսրայելի համապատասխան կառույցներից խնդրի վերաբերյալ հնարավորինս մանրամասն, այդ թվում` բուհերի, դիպլոմների, շրջանավարտների ինքնության մասին տեղեկություններ ստանալու վերաբերյալ»:

ԿԳՆ-ից խոստանում են, որ համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հետամուտ է լինելու խնդրի վերաբերյալ ամբողջական և բազմակողմանի քննության անցկացմանը:

Հիշեցնենք՝ Panorama.am-ը  այս առթիվ երեկ  մեկնաբանություն խնդրեց ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, սակայն այնտեղից պատասխանեցին, որ իրենք չեն մեկնաբանում:

Սա նշանակում է, որ ՀՀ ԿԳՆ-ում մինչ հարցումը չեն ուսումնասիրել խնդիրը, որը, չգիտես ինչու, լայն տարածում էր գտել նախ և առաջ ռուսական մամուլում:

Placeholder
ԿԳՆ-ն վիճահարույց ատամնաբույժների, բուհերի ու դիպլոմների մասին Իսրայելից մանրամասներ է խնդրել