Դատական համակարգում լուրջ սկանդալ է հասունանում.«Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:24 23/06/2017
Հայաստան

Դատական համակարգում լուրջ սկանդալ է հասունանում.«Ժողովուրդ»

Դատական համակարգում լուրջ սկանդալ է հասունանում.  այս օրերին  ՀՔԾ հարցաքննության են հրավիրվում քրեական  գործեր քննող  դատավորները:  Նրանց թիվը,  «Ժողովուրդ»-ի տեղեկություններով,  մոտ 4 տասնյակ է:

Ինչպես պնդում են թերթի աղբյուրները,  դատավորները կամ նրանց օգնականները  դատավճիռները շատ դեպքերում օրենքով սահմանված կարգով  չեն ուղարկել իրավապահ  մյուս մարմիններին՝  ի կատար ածելու:  Արդյունքում ամբաստանյալները կալանավորվելու փոխարեն մնացել են ազատության մեջ կամ կալանավայրից չեն տեղափոխել համապատասխան  ՔԿՀ   կամ տուգանքի գումարները չեն բռնագանձվել:  Այսինքն՝ «հանուն Հայաստանի Հանրապետության» կայացված իրավական  ակտերը պարզապես  մնացել են օդից կախված,  անկատար: Ու հիմա ՀՔԾ-ում փորձում են պարզել՝  այս ամենն անփութությա՞ն հետևանք է թե  դատավորներն այլ շահագրգռվածություն են ունեցել:

Հատկանշական է փաստը, որ  այս տարվա ընթացքում երեք  դատավոր է ձերբակալվել  կաշառք վերցնելու համար,  հենց նույն պահին:  Ու հավանական է, որ քրեական գործեր քննող  դատավորների նկատմամբ  ՀՔԾ-ի հետաքրքրվածությունը այս ամենի շարունակությունն է:

Չնայած, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով,  իշխանություններն ինքնակամ չեն գնացել այս քայլին,  այլ ԵՄ-ի ճնշման ներքո,  քանի որ պարտավորվել են պայքարել կոռուպցիայի դեմ ու այդ նպատակով նաև լուրջ գումարներ են ակնկալում:  Իսկ մինչ այդ մեզ մնում է փաստել, որ  ինչպես պետական կառավարման մյուս ոլորտներում,  այնպես էլ դատարանում պարզապես  բարձիթողի վիճակ է,  և այս ամենը դրա հետևանք է: Հետաքրքիր է, իրավիճակը շտկելու համար ինչ են անում  ՀՀ արդարադատության նախարար  Դավիթ Հարությունյանը և  ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ  Արման Մկրտումյանը:

Placeholder
Դատական համակարգում լուրջ սկանդալ է հասունանում.«Ժողովուրդ»