Միասնական քննությունների առաջին փուլից հեռացվել է 6 դիմորդ
Կրթություն, գիտություն
18:42 23/06/2017
Հայաստան

Միասնական քննությունների առաջին փուլից հեռացվել է 6 դիմորդ

Այսօր «Ռուսաց լեզվի» քննությունով ավարտվեց միասնական քննության առաջին փուլը։
«Քննությունն անցել է շատ խաղաղ, գրանցված դիմորդների քանակը եղել է 547։ Մարզերում բացակաների մասին դեռևս տեղեկություններ չունենք, իսկ Երևանում 114 դիմորդից բացակայել է 17-ը»,- Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ մայիսի 20-ին անցկացված «Հայոց պատմություն» առարկայի քննությանը մասնակցել է 1167 դիմորդ։ Առարկայի միջին միավորը կազմել է 12.18, անբավարար ստացել է 16.5 տոկոսը, առավելագույն միավոր ստացել է 35 դիմորդ:

«Քիմիա» առարկայից քննությանը մասնակցել է 958 դիմորդ, միջին միավորը եղել է 13.1, անբավարար ստացել է 15.5 տոկոսը, 20 միավոր ստացել է 44 դիմորդ։

Իսպիրյանի խոսքով՝ քննական գործընթացը խաղաղ է անցել, որևէ արտառոց դեպք, ընթացակարգային, բովանդակային խնդիրներ չեն եղել։

Ինչ վերաբերում է ստացված դիմում-բողոքներին՝ Իսպիրյանն ասաց, որ ստացել են հիմնականում երկու տեսակի դիմումներ։

«Մի տեսակը վերաբերում է վերահաշվարկին, այսինքն՝ տեխնիկական խնդիրների դեպքերում, երբ որ երեխաները ձևաթղթով ստուգել են և չի համապատասխանել գնահատականին: Այս պարագայում հնարավոր է սխալ հաշված լինի կամ կարող է նաև  իր գրած թվերը համակարգիչը ճիշտ չի կարդացել։ Այս պարագայում անմիջապես հանվում են բնօրինակները, նայվում և եթե երեխան ճիշտ է, ապա նրա օգտնին անմիջապես միավորները փոխվում են։ Դիմումներ էլ կան, որ ավելի շատ որակվում են որպես խնդրանքներ։  Երեխաները նշում են, որ վատ են զգացել, բայց ամաչել են դիմել բժշկի: Արդյունքը ցածր է եղել, խնդրում են նորից քննություն հանձնել: Որպես կանոն նման դիմումները քննարկում է բողոքարկման հանձնաժողովը, բայց քանի որ չկա որևէ հավաստող փաստաթուղթ, նման դիմումները մերժվում են: Եթե երեխան վատ է զգացել, գոնե մեկ անգամ պետք է այցելած լիներ կենտրոնի բժշկին և կազմվեր արձանագրություն»,- մանրամասնեց ԳԹԿ տնօրենը։

Արա Իսպիրյանը հավելեց նաև, որ եղել է քննակենտրոններից դիմորդների 6 հեռացման դեպք, որոնցից 5-ը հեռախոսների, 1-ը լսողական սարքերի առկայության պատճառով է եղել։

Նշենք, որ բոլոր բողոքարկումները վերջնական արդյունքները քննակենտրոններում կկախվեն հունիսի 28-ին։

 

Placeholder