Ալեքսանդր Բաղդասարյանի ֆիլմը Բրազիլիայի միջազգային փառատոնում  լավագույնն է ճանաչվել
Մշակույթ
13:00 23/06/2017
Հայաստան

Ալեքսանդր Բաղդասարյանի ֆիլմը Բրազիլիայի միջազգային փառատոնում լավագույնն է ճանաչվել

Բրազիլիայի միջազգային կինոփառատոնում ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի «Ճանապարհ» ֆիլմն արժանացել է մրցանակի՝ ճանաչվելով «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ»:

«Իմ երկրորդ կուրսի կուրսային աշխատանքն է: 19 տարեկանում եմ նկարել: Տարբեր փառատոների ենք ուղարկել, որոշները  մերժել են, որոշներն ընդգրել են նաև կարճ ցուցակում: Բրազիլիայի փառատոնից նամակ ստացա՝ ցանկության դեպքում ներկա լինել մրցանակաբաշխությանը: Գնացի, բայց հույս չունեի, որ մրցանակ կստանամ»,- Panorama.am-ին զրույցում ասաց  23-ամյա ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանը:

Նա Ռիո դե Ժանեյրո հասել է հենց մրցանակաբաշխության օրը: Իր ֆիլմի ցուցադրությանն այնտեղ չի եղել:

«Բայց ինձ ասացին, որ արձագանքները լավն էին»,- նշեց Ա. Բաղդասարյանը:

Ալեքսանդրը 2011-ին ընդունվել է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժին (Էդգար Բաղդասարյանի արվեստանոց):  24 րոպեանոց ֆիլմը նկարահանվել է 2014 թվականին:  Ֆիլմի նկարահանման վրա ընդամենը 150 դոլար է ծախսվել: Ֆիլմի սցենարիստն է Էդգար Բաղդասարյանը, բեմադրող օպերատորը՝ Մկրտիչ  Բարոյանը: Գլխավոր դերակատարներ՝ Արամ Կարախանյան, Բաբկեն Չոբանյան, Արտյոմ Ազարյան, Տրդատ Մակարյան:

Ֆիլմը 2014 թվականին ազգային «Հայակ» մրցանակաբաշխությունում ճանաչվել է «Լավագույն դեբյուտ կամ տարվա հայտնություն» ֆիլմը, «Ռոլան» մանկապատանեկան կինոյի փառատոնում՝  «Լավագույն դեբյուտային աշխատանք»:

Ա. Բաղդասարյանն ասաց, որ այժմ աշխատում է  կարճամետրաժ, խաղարկային ֆիլմի վրա, որը տարբերվելու է «Ճանապարհ»-ից:


 

Placeholder
Ալեքսանդր Բաղդասարյանի ֆիլմը Բրազիլիայի միջազգային փառատոնում լավագույնն է ճանաչվել