Սոնա Պողոսյանն ու Արփինե Դալալյանը պատրաստվում են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
Սպորտ
10:34 26/06/2017
Հայաստան

Սոնա Պողոսյանն ու Արփինե Դալալյանը պատրաստվում են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը

Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը գոհ է Տոկիոյում կայացած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սոնա Պողոսյանի և Արփինե Դալալյանի մասնակցությունից: 

«Կիլոգրամների առումով ինչ սպասում էի, եղավ: Սոնան ուսի վնասվածք եւ նստաներվի բորբոքում ուներ: Բայց որոշակի ցավեր ունենալով՝ կարողացավ մեդալ նվաճել իր եւ հավաքականի համար: Դա Սոնայի առաջին մեդալն էր աշխարհի առաջնություններում:

Ինչ վերաբերում է Արփինե Դալալյանին, երեւում է, որ նա սկսել է աճել, մրցահարթակում հասունանալ: Տոկիոյում Արփինեն կայուն հանդես եկավ, անձնական արդյունքը բարելավեց 14 կգ-ով՝ զբաղեցնելով չորրորդ տեղն աշխարհում: Նա 18 տարեկան է եւ դեռ երկու տարի ունի այս տարիքային խմբում հանդես գալու համար»,-ՀԱՕԿ լրատվականին ասել է Արտաշես Ներսիսյանը:

Մարզիչը նաև նշել է, որ Սոնա Պողոսյանն ու Արփինե Դալալյանը հիմա սկսելու են նախապատրաստվել հոկտեմբերին կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:

Նշենք, որ +90 կգ քաշային կարգում Արփինե Դալալյանը երկամարտի 234 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը երկամարտի 223 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: Սոնան փոքր արծաթե մեդալ է նվաճել նաև  հրում վարժությունում`  գլխավերևում պահելով 125 կգ: Իսկ պոկում վարժությունում հայ ծանրորդը  4-րդն է (98 կգ):

Placeholder
Սոնա Պողոսյանն ու Արփինե Դալալյանը պատրաստվում են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը