«Արցախում վիրավորված Յուրի Զաքարյանն արդեն ինքնուրույն շնչում է, ոտքն ու ձեռքը շարժում»
Առողջություն
19:35 26/06/2017
Հայաստան

«Արցախում վիրավորված Յուրի Զաքարյանն արդեն ինքնուրույն շնչում է, ոտքն ու ձեռքը շարժում»

Հունիսի 16-ին Արցախում գլխի հրազենային թափանցող վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Յուրի Զաքարյանը գիտակցության է եկել: Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ ՊՆ Բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:

«Արհեստական շնչառության ապարատն անջատել են, արդեն ինքնուրույն շնչում է, սնվում է, ամեն ինչ հասկանում է, ոտքը, ձեռքը շարժում է:  Դրական դինամիկա ունենք»,- նշեց Կամավոր  Խաչատրյանը:

Նրա խոսքերով՝  կոկորդին միացված խողովակը հանելուց հետո արդեն Յուրին  կկարողանա խոսել:

Ինչ վերաբերում է մյուս զինծառայողին՝ Արմեն Վարդանյանին, որը նույնպես վիրավորվել է հունիսի 16-ին, նրա առողջական վիճակում ևս դրական դինամիկա կա:

«Արմենն արդեն քայլում է, վաղը կամ մյուս օրը նրան հիվանդասենյակ կտեղափոխեն» ,- նշեց Կամավոր Խաչատրյանը: 

Նշենք, որ Արմեն Վարդանյանը ևս ստացել է գլխի հրազենային թափանցող վիրավորում:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը  ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ էին ստացել 1997 թվականին ծնված ՊԲ զինծառայողներ Արայիկ Մատինյանը,  Վիգեն Պետրոսյանը, Վարդան Սարգսյանը : Երեք զինծառայող՝  Արմեն Վարդանյանը, Յուրի Զաքարյանը, Մյասնիկ Հովհաննիսյանը վիրավորվել էին:

Հաջորդ օրը՝ հունիսի 17-ին  ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ ևս դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:

Placeholder
«Արցախում վիրավորված Յուրի Զաքարյանն արդեն ինքնուրույն շնչում է, ոտքն ու ձեռքը շարժում»