«Եթե ունեք  ինֆորմացիա՝ տրամադրեք».  ՊԵԿ նախագահը՝ լրագրողներին
Իրավունք
13:01 27/06/2017
Հայաստան

«Եթե ունեք ինֆորմացիա՝ տրամադրեք». ՊԵԿ նախագահը՝ լրագրողներին

«Զուտ կառուցվածքային փոփոխություն է, ձևավորվել է նոր կառուցվածք, և դրա արդյունքում շուրջ 483 հաստիք կրճատվել է»,- այս մասին այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով իր ղեկավարած կառույցում տեղի ունեցող կրճատումներին:

Նրա խոսքերով՝ այդ մարդիկ չեն հեռացվել, այլ կրճատվել են:

Հարցին, թե կարո՞ղ են ասել, որ նախկինում ՊԵԿ աշխատակազմը արհեստականորեն ուռճացված էր, և բյուջեից այդ նպատակով գումարներ էին ծախսվում,  Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Տարիների ընթացքում ՊԵԿ-ի ՏՏ համակարգը վերազինվել է, և դա վաղ թե ուշ պետք է բերեր նման հանգուցալուծման: Այսօրվա նոր տեխնոլոգիաների դարաշրջանում բնական է, որ մարդկային գործոնի առկայությունն ավելի քչանում է, դրա արդյունքում ունեցել ենք այն, ինչ այսօր ունենք»:

Անդրադառնալով համակարգի աշխատակիցների ձերբակալության դեպքերին, ՊԵԿ նախագահը նշեց, որ դա իրենց որդեգրած կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում է. «Նորմալ երևույթ է, եթե ինչ-որ մեկն իր աշխատանքի ընթացքում խախտում է լիազորությունները և լիազորություններից դուրս ինչ-որ գործառույթ է իրականացնում,  բնական է, որ պետք է ՀՀ գործող օրենքների շրջանակներում պատասխան տա»:

Լրագրողի դիտարկմանը, թե տեսակետ կա՝  «մանր ձկներն» են պատասխանատվության ենթարկվում, իսկ խոշորները չեն պատժվում, Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝  մանր ձուկ, խոշոր ձուկ ասելով դուք ինչ նկատի ունեք: Համենայն դեպս՝ կալանավորվում են: Եթե ունեք  նման ինֆորմացիա, խնդրում եմ տրամադրեք և ձեր նշած մարդիկ նույնպես կկալանավորվեն»:

Հարցին, թե համակարգից հեռացրել են այն աշխատողներին, որոնք  կաշառակե՞ր էին, թե՞ նրանք, որոնք թիկունք չունեին, ՊԵԿ նախագահը չբացառեց, որ կարող են լինել նաև սուբյեկտիվ գործոններ:

«Չեմ բացառում, որ կրճատումների արդյունքում կարող են լինեն նաև սուբյեկտիվ դրսևորումներ, քանի որ մեկ ամսվա մեջ այս ամբողջ աշխատանքներն իրականացնելն ու ավարտին հասցնելը, իհարկե, դժվար է եղել: Կարող են թերություններ, վրիպումներ լինել, բայց այն աշխատակիցները, որոնք բարեխիղճ աշխատել են և այս ընթացքում միգուցե դուրս են մնացել համակարգից, ՊԵԿ-ում ամեն ամիս փոփոխություններ լինում են, և նրանք մեր տեսադաշտից դուրս չեն մնում»,- ընդգծեց Վարդան Հարությունյանը:
 

Placeholder
«Եթե ունեք ինֆորմացիա՝ տրամադրեք». ՊԵԿ նախագահը՝ լրագրողներին