Նախորդ տարի ԵԱՏՄ-ից ՀՀ պետական բյուջե փոխանցվել է 3 մլրդ դրամ պակաս մաքսատուրք. Վարդան Հարությունյան
Տնտեսություն
12:35 27/06/2017

Նախորդ տարի ԵԱՏՄ-ից ՀՀ պետական բյուջե փոխանցվել է 3 մլրդ դրամ պակաս մաքսատուրք. Վարդան Հարությունյան

2016 թվականին պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 79.7 մլրդ դրամ, ինչը նշանակում է, որ պետբյուջեով հաստատված ծրագիրն ապահովվել է շուրջ 96%-ով: Այս մասին այսօր Ազգային ժողովում «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց  Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ թեև 2016թ. մակրոտնտեսական միջավայրը և հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները հարկային եկամուտների ծրագրավորման աճի հասնելու համար բարենպաստ չեն եղել, այնուամենայնիվ,  հաջողվել է վարչարարության արդյունքում տարին ավարտել նախորդ տարվա համեմատ 1.1% կամ 11.8 մլրդ դրամ հարկային եկամուտների աճով: 

Վարդան Հարությունյանի խոսքերով՝ 2016թ-ի  հարկեր/ՀՆԱ  հարաբերական ցուցանիշը կազմել է 21.3 տոկոս, ինչը  0.1 տոկոսով գերազանցում է 2015թ.-ի ցուցանիշները:

Ըստ նրա` նախորդ տարի բյուջեի հարկային եկամուտների կատարողականի վրա ազդեցություն են ունեցել մի շարք գործոններ, այդ թվում՝ ոչ բարենպաստ մակրոտնտեսական միջավայրը:

«2016-ին պետբյուջեի հարկային եկամուտների սահմանման նպատակով անվանական ՀՆԱ-ն կանխատեսվել է 5 տրիլիոն 472.8 մլրդ դրամ, մինչդեռ փաստացի արձանագրվել է ՀՆԱ-ի 5 տրիլիոն  67.9 մլդ դրամ մակարդակ: Այսինքն՝ ՀՆԱ-ի կանխատեսված և փաստացի ցուցանիշների տարբերությունը կազմել է  374.9 մլրդ դրամ»,-ասաց ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ դա նշանակում է՝ 80 մլրդ դրամ չի վճարվել պետբյուջե:

Հաջորդ խնդիրն այն է, որ 2016 թվականին 2015-ի համեմատ տեղի է ունեցել երրորդ երկրներից ապրանքների ներմուծման ընդհանուր ծավալի շուրջ 1.2 տոկոսի աճ, միևնույն ժամանակ արձանագրվել է 3-րդ երկրներից հարկով ներմուծման անկում` 6.8 տոկոսով կամ 64.3 մլրդ դրամ մաքսային արժեքով:

«Իհարկե ներմուծման կրճատումը 3-րդ երկրներից փոխարինվել է ԵՏՄ-ից ներմուծման աճով, սակայն տարեկան կտրվածքով հարկային բազաների տարբերությամբ պայմանավորված՝ պետական բյուջեն ստացել է շուրջ 4.2 մլրդ դրամի պակաս եկամուտ», - ընդգծեց Վարդան Հարությունյանը:

Երրորդ խնդիրը, ըստ ՊԵԿ նախագահի, վերաբերում է ԵԱՏՄ-ից փոխանցվող մաքսատուրքին. «2016թ.-ին Հայաստանը ԵԱՏՄ է փոխանցել 33.9 միլիարդ դրամ մաքսատուրք ու ստացել 19 միլիարդ դրամ ավելի մաքսատուրք, քան փոխանցվել է: Այդուհանդերձ, ԵԱՏՄ-ից 2015թ.-ի համեմատ 3 միլիարդ դրամ պակաս մաքսատուրք է փոխանցվել ՀՀ պետական բյուջե»:

Չորրորդ գործոնը պայմանավորված  է օրենսդրական փոփոխություններով: Մասնավորապես, կիրառվել է ավելացված արժեքի բարձր շեմ:  Ընդհանուր առմամբ, ըստ ՊԵԿ նախագահի, օրենսդրական փոփոխությունների եկամտային բացասական ազդեցությունը գնահատվել է 22.5 մլրդ դրամ, իսկ  դրականը` 10.7 մլրդ դրամ:

Ամփոփելով` Վարդան Հարությունյանը նշեց, որ մակրոտնտեսական ոչ բարենպաստ միջավայրով, օրենսդրական փոփոխություններով պայմանավորված` 2016թ.-ի պետական բյուջեի հաստատված հարկային եկամուտը 1 տրիլիոն 129 միլիարդ դրամի փոխարեն պետք է կազմեր 1 տրիլիոն 26.3 դրամ, բայց կազմել է 1 տրիլիոն 79,7 միլիարդ դրամ, ինչը նշանակում է, որ վարչարարական ջանքերի արդյունքում պետական բյուջե վճարվել է 53.4 միլիարդ դրամով ավելի հարկային եկամուտ:

Placeholder
Նախորդ տարի ԵԱՏՄ-ից ՀՀ պետական բյուջե փոխանցվել է 3 մլրդ դրամ պակաս մաքսատուրք. Վարդան Հարությունյան