Նախատեսվում է զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 միլիոնի, որից  1.5 միլիոնը լինեն սփյուռքահայեր
Տնտեսություն
13:06 27/06/2017
Հայաստան

Նախատեսվում է զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 միլիոնի, որից 1.5 միլիոնը լինեն սփյուռքահայեր

ՀՀ 2016թ. բյուջեով զբոսաշրջության զարգացման ծրագրերի աջակցության համար հատկացվել է 185 միլիոն 700 հազար դրամ: Այս մասին այսօր Ազգային ժողովում «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը:

Նրա խոսքերով՝ զբոսաշրջության ոլորտում  2016թ. արձանագրվել է թե՛ որակական, թե՛ քանակական աճ: Մասնավորապես, վերջին 5 տարիների ընթացքում ներգնա զբոսաշրջային այցելություններն աճել են  9 տոկոսով, իսկ նախորդ տարի՝  5.7 տոկոսով:

Էմիլ Տարասյանը նշեց, որ այս տեմպերը պահպանվում են, սակայն կառավարությունը նոր նշաձող է դրել, որով նախատեսում է մոտակա տարիներին Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 միլիոնի:

Փոխնախարարը նաև հայտնեց, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի աճ է արձանագրվել Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից:

«Սա առաջին հնգյակն է, սակայն տոկոսային առումով երեք անգամ ավելացել է Հնդկաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից  Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը»,- ասաց նա:

Միաժամանակ Էմիլ Տարասյանը նշեց, որ զբոսաշրջիկների թիվը 3 միլիոնի հասցնելու համար մոտավորապես 20 միջոցառում պետք է իրականացնեն:

«Թիրախավորվել է, որ այդ երեք միլիոնից 1.5 միլիոնը լինեն սփյուռքահայեր»,- ասաց նա:

Placeholder
Նախատեսվում է զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 միլիոնի, որից 1.5 միլիոնը լինեն սփյուռքահայեր