Արևային առաջին համակարգային կայանի կառուցման համար դիմել է երկու տասնյակ ընկերություն
Տնտեսություն
15:14 28/06/2017
Հայաստան

Արևային առաջին համակարգային կայանի կառուցման համար դիմել է երկու տասնյակ ընկերություն

Հայաստանում արդյունաբերական մասշտաբի առաջին արևային համակարգային կայանի կառուցման համար ներդրողներ ներգրավելու համար հայտարարված միջազգային մրցույթին մասնակցելու նպատակով նախաորակավորման հայտ է ներկայացրել 20 ընկերություն և կոնսորցիում։  

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, դրանք ոլորտում հայտնի տարբեր երկրներ ներկայացնող ընկերություններ են:

«Կայանի կառուցման նախաորակավորման փուլին մասնակցելու համար դիմել են ընկերություններ Չինաստանից,  Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Իսպանիայից, Հարավային Կորեայից, Իրանից և այլ երկրներից»,-հայտնել է փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Ներկայացված հայտերի ուսումնասիրությունից հետո նախաորակավորման փուլն անցած ընկերությունների միջև կհայտարարվի սակագնային մրցույթ։ Նախապատվությունը կտրվի այն մասնակցին, որը կներկայացնի ամենացածր և մրցունակ սակագինը։ Մրցութային գործընթացը կավարտվի հաջորդ տարվա սկզբին և կմեկնարկի կայանի կառուցումը։

Ըստ աղբյուրի, ակնկալվում է, որ արդեն 2018թ. վերջին Հայաստանը կունենա 55 մեգավատ հզորությամբ առաջին արևային համակարգային կայանը:

Կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրի համաձայն, Հայաստանի վեց տեղանքներում նախատեսվում է մինչև 110 մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանների կառուցում։ Առաջին փուլում ընտրվել է Գեղարքունիքի մարզի Մասրիկի տեղանքը, որտեղ կկառուցվի 55 մեգավատ հզորությամբ կայան։
 

Placeholder
Արևային առաջին համակարգային կայանի կառուցման համար դիմել է երկու տասնյակ ընկերություն