Անհրաժեշտ է ջանքերն ուղղել առևտրատնտեսական համագործակցության աշխուժացմանը. Գիորգի Գախարիա
Քաղաքական
17:32 29/06/2017
Հայաստան

Անհրաժեշտ է ջանքերն ուղղել առևտրատնտեսական համագործակցության աշխուժացմանը. Գիորգի Գախարիա

«Հայաստանում Վրաստանի բիզնեսի օրեր»-ի անցկացումը կխթանի երկկողմ առևտրատնտեսական կապերի ակտիվացումը և առկա ներուժի լիարժեք իրացման նոր հնարավորություններ կստեղծի: Այս մասին նշել է վարչապետ Կարեն Կարապետյանն՝ այսօր Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը, որը Հայաստան է ժամանել համաժողովի շրջանակում։

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ վարչապետը, մասնավորապես, կարևորել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, նաև ազատ տնտեսական գոտիների շրջանակում տնտեսական և գործարար կապերի խթանման, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, տրանսպորտային հաղորդակցության ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված կոնկրետ ծրագրերի իրականացումը:

Գիորգի Գախարիան իր հերթին նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ անհրաժեշտ է ջանքերն ուղղել առևտրատնտեսական համագործակցության աշխուժացմանը, և վրացական կողմը լիովին համակարծիք է ՀՀ վարչապետի նշած ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու առաջարկության հետ: Այս համատեքստում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը վարչապետ Կարապետյանին է ներկայացրել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հետ այսօր կայացած քննարկումների արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները:

Կարեն Կարապետյանը և Գիորգի Գախարիան մտքեր են փոխանակել նաև զբոսաշրջային ծրագրերի իրականացման, երկկողմ մշակութային կապերի ամրապնդման և երիտասարդության շրջանում փոխճանաչելիության բարձրացման նպատակով համատեղ ծրագրերի իրագործման հնարավորությունների շուրջ:

Placeholder
Անհրաժեշտ է ջանքերն ուղղել առևտրատնտեսական համագործակցության աշխուժացմանը. Գիորգի Գախարիա