«Ոսկե ծիրան»-ը շատ բարձր որակ ունի. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան
Մշակույթ
13:45 03/07/2017
Հայաստան

«Ոսկե ծիրան»-ը շատ բարձր որակ ունի. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն այս տարի ևս համագործակցում է ՀՀ-ում մի շարք արտասահմանյան կազմակերպություների հետ:

«Ոսկե ծիրան» 14-րդ կինոփառատոնի շրջանակում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության և Գյոթեի ինստիտուտի հետ համատեղ կիրականացվի «Գերմանական կինոյի օր», որը կբացի «Ոսկե արմավենու» ճյուղի աժանացած Ֆաթիհ Աքինի «Անէությունից» ֆիլմը:  Փառատոնի տարբեր ծրագրերում ընդգրկված է վեց գերմանական ֆիլմ:

««Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնը շատ բարձր որակ ունի, ուրախ ենք, որ այս տարի ևս կկարողանանք աջակցել այս կինոփառատոնին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: 

Նա նշեց, որ 2004 թվականից Գերմանիայի դեսպանությունն ու Գյոթեի ինստիտուտն աջակցում են փառատոնին:

Ասուլիսին ներկա ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի խորհրդական Ալեքս Բորտոլանն ասաց, որ հենց երկրորդ փառատոնից սկսած իրենք միշտ մասնակցել են փառատոնին, ներկայացրել բազում ֆիլմեր:

«Չենք կարող առիթը բաց թողնել ու չմասնակցել այս փառատոնին՝ ներկայացնելով ֆրանսիական ֆիլմեր»,- նշեց նա:

Փառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերում այս տարի ընդգրկված է ֆրանսիական արտադրության 10 ֆիլմ: Կաննի հիմնական մրցութային ծրագրից Ֆրանսուա Օզոնի «Երկդիմի սիրեականը» ֆիլմը կցուցադրվի Երևանյան պրեմիերաների շրջանակում:

Ալեքս Բորտոլանի խոսքով, փառատոնի շրջանակում հարգանքի տուրք է մատուցվելու  ֆրանսիական կինոյի ամենահայտնի ռեժիսորներից մեկի՝ Ժան –Պիեռ Մելվիլի հիշատակին: Այս տարի լրանում է նրա 100-ամյակը:

«Ֆրանսիական կինոյի օր»-ը կբացվի Ժան –Պիեռ Մելվիլի «Կարմիր շրջան» ֆիլմով, կներկայացվի ռեժիսորի ևս 4 ֆիլմ:

«Ոսկե ծիրան»-ի արտամրցութային ծրագրում Լեհաստանի դեսպանության հետ համատեղ կիրականացվի «Լեհական կինոյի» օր: 

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության մշակութային բաժնի կցորդ Մելինե Եղոյանն ասաց, որ լեհական կինոյի օրը նվիրվում է լեհական կինոյի մեծ վարպետ  Անջեյ Վայդային, ով կյանքից հեռացել է անցած տարի: Նա 2016-ին պատրաստվում էր այցելել Երևան և ստանալ կինոփառատոնի Փարաջանովյան Թալեր մրցանակը՝ համաշխարհային կինոյում իր մեծ ավանդի համար: Նրան հետմահու այս մրցանակով պարգևատրելով և վերջին՝ «Հետպատկերներ» ֆիլմի ցուցադրությամբ փառատոնը հարգանքի տուրք է մատուցում նրա հիշատակին:

Մելինե Եղոյանը նշեց, որ «Ոսկե ծիրան» փառատոնը հասել է բարձր մակարդակի, մեծ ճանաչում ունի ոչ միայն տարածաշրջանում, նաև աշխարհում:

«Ոսկե ծիրան»  Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնը կայանալու է հուլիսի 9-16-ը:

Placeholder