Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Լոռու մարզում օրգանական գյուղատնտեսության զարգացման մեծ ներուժ կա, պայմանները շատ նպաստավոր են»,-այսօր Վանաձորում ֆերմերների, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող արտադրող խմբերի հետ կազմակերպած հանդիպում-աշխատաժողովի ժամանակ նշեց «Կանաչ արահետ» ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանը:
Նրա խոսքով՝ օրգանական գյուղատնտեսության հիմքը հողն է:
«Լոռվա հողերը շատ լավն են և նպաստավոր՝ չնայած նրան, որ այստեղ բացի աղակալումից բնական բոլոր աղետները առկա են: Հողի համար ամենամեծ ախտահանող նյութը մոխիրն է: Պարարտանյութ է նաև գոմաղբը: Վատ հողի մասին է վկայում տձև բանջարեղենը»,-օրգանականի մասին մանրամասներ ներկայացրեց մասնագետը:
ՀԿ նախագահի խոսքով, օրգանական գյուղատնտեսությունն անմիջականորեն կապված է հարակից տարածքի և ոռոգման ջրի հետ, հողատարածքը պետք է հեռու լինի մայրուղիներից, վտանգավոր գործարաններից ու հանքավայրերից. «Օրգանական գյուղատնտեսության խորհրդանիշ է համարվում զատիկը: Այն դաշտերում, հողատարածքներում, որտեղ հանդիպում եք շատ զատիկների, նշանակում է, որ հողը, բույսերն ավելի մաքուր են»:
«Կանաչ արահետ» ՀԿ նախագահն ընդգծեց, որ հողը առողջ պահող մշակաբույսերից են բակլազգիները, որոնց ցանքատարածքները խորհրդային տարիներից հետո մեզ մոտ կրճատվել են շուրջ 3 անգամ:
«Բակլազգիները կարևոր միկրօրգանիզմներ են պարունակում հողի համար: Նախկինում ամենաշատ ու համեղ լոբին Լոռիում էր աճեցվում, ճիշտ է բրենդն ասում էին Գորիսի լոբի, բայց ամենաշատ տարածումն ուներ Լոռվանը: Ցավոք, այսօր մարզում քիչ են զբաղվում այս մշակաբույսերի աճեցմամբ»,-ասաց նա ու հավելեց, որ Հայաստանում դանդաղ, բայց զարգանում է օրգանական գյուղատնտեսությունը, մեզ մոտ արդեն շուրջ 19 հազար հա սերտիֆիկացված օրգանական գյուղատնտեսության ցանքատարածք կա:
.jpg)
.jpg)
.jpg)