Հայաստանում կստեղծվի թեթև արդյունաբերության ուսումնական կենտրոն
Տնտեսություն
10:38 05/07/2017
Հայաստան

Հայաստանում կստեղծվի թեթև արդյունաբերության ուսումնական կենտրոն

Ակնհայտ է, որ թեթև արդյունաբերության ոլորտում իրականացվող ներդրումներն աճում են, այս մասին նշել է «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Անիտա Տրավաինին՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպմանը։

«Շնորհակալ ենք Ձեզ մեր հայաստանյան թիմին ցուցաբերած գործուն աջակցության համար։ Մենք տեսնում ենք Կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնելու այս ոլորտը»,-ասել է Անիտա Տրավաինին։

Նա ընդգծել է, որ ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է նաև համատեղ ուժերով խթանել որակյալ կադրերի ապահովմանը։

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրով նախատեսվող ուսումնական կենտրոնի բացման աշխատանքներին, որը կստեղծվի պետություն-մասնավոր համագործակցության հիման վրա։

Կենտրոնը կմատուցի նաև հագուստի և կոշիկի արտադրության պլանավորման և արտահանման խթանման, ֆինանսական կառավարման հմտությունների զարգացման ծառայություններ։ Նախարարը հյուրերին տեղեկացրել է նաև, որ ՀՀ կառավարությունն այժմ քննարկում է թեթև արդյունաբերության ոլորտին պետական աջակցության գործիքակազմի ընդլայնման հնարավորությունները և առաջարկել մասնակցել քննարկումներին։

«Հայաստանում կան այն բոլոր նախադրյալները և անհրաժեշտ ներուժը, որ մենք ստեղծենք եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրանք։ Պետք է մեկտեղենք մեր ջանքերը ոլորտը շեշտակիորեն զարգացնելու համար»,- ասել է Սուրեն Կարայանը:

Placeholder
Հայաստանում կստեղծվի թեթև արդյունաբերության ուսումնական կենտրոն