ԵԱՏՄ-ում Հայաստանն ունի ամենաքիչ սահմանափակումները. Կարինե Մինասյան
Քաղաքական
13:42 06/07/2017
Հայաստան

ԵԱՏՄ-ում Հայաստանն ունի ամենաքիչ սահմանափակումները. Կարինե Մինասյան

ԵԱՏՄ-ում Հայաստանն ունի ամենաքիչ սահմանափակումները և ամենաբարենպաստ միջավայրը՝ ներդրումների համար. Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության երկու տարիները ամփոփող կլոր սեղանի ժամանակ այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների գծով նախարար Կարինե Մինասյանը:

«ԵԱՏՄ շուկայում երեք տեսակ սահմանափակումներ կան: Առաջինը՝ խոչընդոտներն են, ինչը նշանակում է, որ անդամ երկրներն իրենց ազգային օրենսդրությունը չեն համապատասխանեցնում ԵԱՏՄ օրենսդրությանը: Երկրորդ տիպի սահմանափակումների օրինակ է վարորդական իրավունքի վկայականի չճանաչումը Ռուսաստանում և Ղազախստանում: Որքան էլ բիզնես շրջանակները բարձրաձայնում են այս խնդիրը, սակայն սա ԵԱՏՄ օրնսդրությամբ չի կարգավորվում»,- ասաց նա:

Երրորդ տիպի սահմանափակումները, ըստ նախարարի, բացառություններն են, որոնք ֆիքսված են պայմանագրերում. «Օրինակ, Հայաստանը բանակցությունների ժամանակ ունի որոշ բացառություններ, սակայն իր վրա պարտավորություն է վերցրել մի քանի տարում վերացնել դրանք»:

Անդրադառնալով ակցիզային օրենսդրության ներդաշնակեցման թեմային՝ Կարինե Մինասյանը նկատեց, որ այս խնդիրը ԵԱՏՄ մակարդակով դեռևս չի կարգավորվել, և յուրաքանչյուր երկիր ինքն է իրականացնում իր ակցիզային քաղաքականությունը:

«Բանակցություններն ամենաակտիվ փուլում են, և դեռևս հայտնի չէ՝ երբ կավարտվեն: Իհարկե, որոշակի թանկացում կարող է լինել»,- ընդգծեց նախարարը:

Կարինե Մինասյանը  նաև հավելեց, որ մտադիր է բարձրացնել հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտած արտասահմանյան վարորդական իրավունքների արգելքը հարցը:

«Այդ հարցը քննարկում ենք նաև մեր հարթակում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, բայց նաև երկկողմանի բանակցություններում է քննարկվում՝ Բելառուսի, ԵԱՏՄ-ի, նաև՝ Հայաստանի կողմից»,- ասաց նա:

Նախարար նկատեց, որ Ռուսաստանի կողմից ստեղծված արգելքը սահմանափակում է ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵԱՏՄ անդամ այլ երկրների հնարավորությունները տնտեսական գործունեություն իրականացնելիս:

«Ռուսաստանն արդեն որոշ քայլեր արել է և հայտարարել է, որ այդ հարցը ինչ-որ չափով լուծվելու է: Վերջերս Ռուսաստանը եկավ եզրակացության, որ ԵԱՏՄ երկրների համար օրենսդրությունում կանի հատուկ փոփոխություններ և առաջին ընթերցմամբ, այդ օրենքն անցել է, և մենք հուսով ենք, որ սեպտեմբերին այդ հարցը բոլոր վարորդների համար կլուծվի»,- ասաց նա՝ հստակեցնելով, որ հնարավոր է՝ հունիսի 1-ից ընդունված օրենքը չի կիրառվի ԵԱՏՄ երկրների քաղաքացիների վրա:

Placeholder
ԵԱՏՄ-ում Հայաստանն ունի ամենաքիչ սահմանափակումները. Կարինե Մինասյան