Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«2016 թվականը մենք ամփոփել ենք 0,2 տոկոս տնտեսական աճով: Իհարկե, ծրագրված է եղել 2,2 տոկոս տնտեսական աճ»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվություն»-ը ներկայացնելիս` ասաց հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նա նշեց, որ տնտեսական աճին, ըստ ճյուղային կառուցվածքի, հիմնականում նպաստել են արդյունաբերության և ծառայությունների ճյուղերը. 0,2 տոկոս տնտեսական աճի 0,8 տոկոսային կետն ապահովել է արդյունաբերության հաշվին, 1,9 տոկոս կետը՝ ծառայությունների:
«Երկու ճյուղ բացասական է նպաստել տնտեսական աճին՝ շինարարություն և գյուղատնտեսություն: Գյուղատնտեսությունում նկատվել է 5,8 տոկոս տնտեսական անկում, շինարարությունում՝ 10,8 տոկոս»,- ասաց նախարարը:
Վարդան Արամյանի խոսքով, 2011 թվականից այս կողմ դրսևորվել են բացասական զարգացումներ միջազգային հումքային ապրանքների շուկաներում, որն ազդել է Հայաստանի վրա. «Չմոռանանք, որ Հայաստանի արտահանման մի մեծ մաս նաև հանքահումքային ապրանքներն են փոխանցման մեխանիզմների միջոցով»:
Նախարարը նաև հիշեցրեց, որ 2014 թվականից այս կողմ ՌԴ տնտեսության և Եվրաատլանտյան բլոկի միջև սկսվեց տնտեսական հակամարտություն, որը վերածվեց տնտեսական սանկցիաների:
«Ռուսաստանի տնտեսությունը տարածաշրջանում ունի էական ազդեցություն, հետևաբար անուղղակի մեր վրա է ազդել այս սանկցիաների պատերազմը: Փաստը մնում է փաստ, որ 2014 թվականից այս կողմ Ռուսաստանի տնտեսությունում նկատվել են անկումներ, որոնք տրանսֆերտների, մեր արտահանման նկատմամբ պահանջարկի միջոցով տեղափոխվել է նաև մեր երկիր»,- ասաց Վ.Արամյանը:
Նա նշեց, որ 2016 այս ամբողջ զարգացումների արդյունքում Հայաստանը հիմնական առևտուր անող երկրների մասով ունեցել է համեմատաբար ավելի համեստ աճեր, քան 2015-ին: Նախարարի խոսքով, 2016-ին ԵՄ-ում տնտեսական աճը եղել է 1,95 տոկոս նախորդ տարվա 2,36 տոկոսի փոխարեն, իսկ Հայաստանի առևտրաշրջանառության մոտ 30-32 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ-ին: ԵԱՏՄ-ում տնտեսական աճը կազմել է 0,1 տոկոս: 0,2 տոկոսով նվազել է համաշխարհային տնտեսական աճը: