Այս ժամանակահատվածում գնումների ոլորտում պետք  չէ սպասել հեղափոխական փոփոխությունների. Վարուժան Հոկտանյան
Տնտեսություն
15:09 12/07/2017
Հայաստան

Այս ժամանակահատվածում գնումների ոլորտում պետք չէ սպասել հեղափոխական փոփոխությունների. Վարուժան Հոկտանյան

Ապրիլի 25-ից ուժի մեջ մտած «Գնումների մասին» նոր օրենքում առկա փոփոխությունները դրական են, սակայն պրակտիկայում դեռ վաղ է խոսել դրանց արդյունքների մասին: Այս մասին այսօր Մեդիա-կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում  ասաց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ ներկայացնելով ՀՀ հանրային գնումների համակարգի 2017թ. առաջին կիսամյակի գործունեության մոնիտորինգի արդյունքները:

«Նախկին օրենքի իներցիան դեռ շարունակվում է: Նոր օրենքի գաղափարախոսությունն էլ այն է, որ օրինակ՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով ավելի շատ կենտրոնանան էլեկտրոնային աճուրդների վրա, սակայն ես այդ մոտեցումը, օպտիմիզմը չեմ կիսում: Կարծում եմ, որ ոչ մի երկրում, այդ թվում՝ Հայաստանում,  էլեկտրոնային գնումների միջոցով համակարգում կոռուպցիոն ռիսկերը չեն կարող լուծվել »,- ասաց  Վարուժան Հոկտանյանը:
Նա նաև նշեց, որ այս ժամանակահատվածում գնումների ոլորտում պետք  չէ սպասել հեղափոխական փոփոխությունների, քանի որ նոր օրենքի կիրարկումից հետո դեռ քիչ ժամանակ է անցել:

Գնումների փորձագետ Արսեն Համբարձումյանն էլ խոսելով օրենքում առկա բացթողումներից՝ նշեց, որ ինչպես նախկին, այնպես էլ նոր օրենքում կարգավորված չէ պատվիրատուների պատասխանատվության հարցը: Այսինքն՝ մասնակիցները պատասխանատվություն կրելու են, իսկ պատվիրատուները՝ ոչ: «Կարող ենք արձանագրել, որ սա օրենսդրական բաց է»,- ընդգծեց նա:

Փորձագետի խոսքերով՝ պարտականություններ և իրավունքներ գնումների գործընթացում ներգրավված անձանց համար սահմանվում են կառավարության որոշմամբ: «Նոր օրենքում նախկին պրակտիկան է կրկնվում, այսինքն՝ սահմանվել են պարտականություններ, իսկ օրենքով, թե կոնկրետ գնման գործընթացն ինչ բաղադրիչներից է բաղկացած, ովքեր են դրա պատասխանատուները, սահմանված չեն»,- ասաց նա:

Ըստ նրա՝ օրենքով միայն կարող են սահմանվել պարտականություններ անձանց համար, որպեսզի հնարավոր լինի այդ պարտականությունները չկատարելու համար նրանց ենթարկել պատասխանատվության: «Ստացվում է մի իրավիճակ, որ բյուջեի մուտքերն ապահովելու համար տնտեսվարողներից հարկերի, տուրքերի տեսքով  գումարներ ենք հավաքագրում և անհրաժեշտության դեպքում կիրառում ենք պատասխանատվության լծակներ, իսկ երբ ձևավորված մուտքերով պետք է տնօրինենք ծախսերը, մենք չունենք պատասխանատվություն կրողներ»,- ընդգծեց Արսեն Համբարձումյանը՝ հավելելով, որ բացառությամբ գնումների ոլորտի՝ Հայաստանում չկա մեկ այլ ոլորտ, որտեղ պատասխանատվության ենթարկելու որևէ դրույթ առկա չէ:

 

Placeholder
Այս ժամանակահատվածում գնումների ոլորտում պետք չէ սպասել հեղափոխական փոփոխությունների. Վարուժան Հոկտանյան