Հայտնի են «Արմենիա» առաջին միջազգային մրցույթի հաղթողները
Մշակույթ
20:00 12/07/2017
Հայաստան

Հայտնի են «Արմենիա» առաջին միջազգային մրցույթի հաղթողները

Այսօր հայտնի են դարձել «Արմենիա» առաջին միջազգային մրցույթի հաղթողները։

Ինչպես հայտնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի լրատվական ծառայությունից, առաջին մրցանակի է արժանացռլ Հռիփսիմե Աղաքարյանը (Հայաստան), երկրորդ մրցանակակիր է դարձել Խաչիկ Անդրեասյանը (Հայաստան), երրորդ մրցանակը շնորհվել է Դոմինիկ Վիզջանին (Լեհաստան), ինչպես նաև՝ հատուկ մրցանակ է շնորհվել Սեոլհվա Կիմին (Հարավային Կորեա)։ Մրցանակակիրներից բացի, ևս երկու դաշնակահար իրավունք են ստացելմասնակցելու Մալթայում կայանալիք դաշնակահարների միջազգային մրցույթին։

Մրցույթի ժյուրիի նախագահ Արմեն Բաբախանյանը նշել է, որ իրենց բոլոր ակնկալիքները արդարացան։ «Ես շատ գոհ եմ արդյունքից։ Ես շատ եմ եղել տարբեր ժյուրիների կազմում, բայց այս ժյուրիի կազմը, աշխատանքը, մոտեցումը յուրաքանչյուր մասնակցին առանձնահատուկ էր։ Մեր բոլորի գնահատականները մոտ 95 տոկոսով համընկնում էին, ընտրությունը գրեթե միաձայն էր, և դա ֆանտաստիկ արդյունք էր»,- ասել է Արմեն Բաբախանյանը։

Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովի կարծիքով՝ մրցույթ-փառատոնն անցել է շատ բարձր մակարդակով. «Ուրախ եմ, որ այդքան մեծանուն երաժիշտներ եկան Հայաստան և ելույթ ունեցան այստեղ։ Մրցույթի լավագույն 5 մասնակիցները կկարողանան գնալ Մալթա և 2018-ին մասնակցել այնտեղ կայանալիք դաշնակահարների մրցույթին և պայքարել շատ մեծ մրցանակի՝ 100 հազար եվրոյի համար։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը 200 հազար եվրո է։ Եվ ես հուսով եմ, որ հայաստանյան մրցույթի մասնակիցներն իրենց լավագույնս կդրսևորեն Մալթայի մրցույթի ընթացքում»։

Նշենք, որ «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։ Մրցույթ-փառատոնը կայանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։

Այսօր երեկոյան Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովի համերգով կեզրափակվի «Արմենիա» առաջին միջազգային մրցույթ-փառատոնը։


 

Placeholder
Հայտնի են «Արմենիա» առաջին միջազգային մրցույթի հաղթողները