Հայ կնոջ պատմությունը՝ թուրք ռեժիսորի ներկայացմամբ
Մշակույթ
18:25 12/07/2017
Հայաստան

Հայ կնոջ պատմությունը՝ թուրք ռեժիսորի ներկայացմամբ

Թուրք ռեժիսոր Սերդար Ունալի «Դերդո մայրիկը և ընկուզենին» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» 14-րդ կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթում: Այն այս տարի  Ստամբուլի ՄԿՓ-ում արժանացել է «Ոսկե կակաչ» մրցանակի:

Ֆիլմը պատմում է 70-ամյա հայ կնոջ՝ Դերդո մայրիկի մասին, ով ապրում է Ստամբուլում և Բիթլիսում երեխաների ու թոռների հետ:

«Երբ գնացի Ստամբուլ՝ ֆիլմ նկարահանելու, հանդիպեցի  Դերդոյի թոռնիկին՝ Մարիին, ով պատմեց այս պատմությունը: Զարմացած էի, երբ իմացա, որ Թուրքիայի  արևելյան մասում դեռ կան հայեր, ովքեր ունեն պատմելու պատմություն»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սերդար Ունալը:

Ռեժիսորը հանդիպել է Դերդո մայրիկին, երեք ժամից ավելի խոսել նրա հետ:

«Դերդո այդքան էլ չի սիրում կիսվել իր պատմությամբ»,- նշեց Սերդար Ունալը՝ հավելելով, որ ֆիլմի նկարահանման ընթացքում շատ բան բացահայտվեց հերոսուհու մասին՝ կյանքով լեցուն կին է, չի ապրում իր անցյալի ցավերով:

Ֆիլմը նկարահանվել է Բիթլիսում, Երևանում, էջմիածնում:

Հարցին, թե ի՞նչն է նման ֆիլմ նկարահանելու նպատակը, թուրք ռեժիսորն ասաց. «Այն հայ կնոջ պատմություն է, միաժամանակ մոր և կնոջ կյանքի պատմություն է»: 

Նա նաև ասաց, որ հայերի, հույների մասին բազմաթիվ հետաքրքիր պատմություններ է լսել, որ միգուցե ապագայում նկարի:  

Ֆիլմի մասին

Դերդո մայրիկը  70-ամյա հայ կին է, որն ապրում է Ստամբուլում և Բիթլիսում երեխաների ու թոռների հետ: Ծնվել է  գյուղում՝ Արևելյան Թուրքիայի Բիթլիս գավառում (Բիթլիսը Օսմանյան կայսրության կարևոր հայկական քաղաքներից էր): Դերդոյի քույր-եղբայրներն ու անգամ հայրը 1915-ից հետո կրոնափոխ են եղել ու մահմեդական դարձել, բայց Դերդոն դիմադրել է ու մնացել  քրիստոնյա: Երբ Դերդո մայրիկն ամուսնու և ութ երեխաների հետ  մնացել էր Բիթլիսում՝ զբաղվելով  գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ, գյուղի ղեկավարները շարունակ նեղում էին նրա ընտանիքին  ու սպառնում: Մի օր էլ, երբ Դերդոն երեխաների հետ  աշխատում  էր դաշտում, ամուսնուն սպանեցին գյուղում: Նրա մահից հետո անգամ Դերդո մայրիկը  սպառնալիքներ էր ստանում և  ստիպված էր երեխաների հետ փախչել: 1976-ին նրանք գնացին Ստամբուլ՝ առաջին տարիներն անցկացնելով խիստ  դժվարին պայմաններում: Դերդո մայրիկը դատի տվեց գյուղի ղեկավարներին, որպեսզի վերադարձնի իրենից յուրացրած հողերը: Ինը տարի անց նա շահեց դատն ու  վերադարձավ գյուղի իր տունը: Այսօր՝ նույնիսկ այդ բոլոր  տառապանքներից  ու դեպքերից հետո, Դերդոն  չի հրաժարվում գյուղ գնալուց և ամեն ամառ երկու ամիս անցկացնում է այնտեղ. իրեն մնացած մի փոքրիկ հողակտորի ծառերից  ընկույզ է հավաքում, իսկ հետո վերադառնում Ստամբուլ: 

Placeholder
Հայ կնոջ պատմությունը՝ թուրք ռեժիսորի ներկայացմամբ