Սերբ ռեժիսորի համար պատիվ է «Ոսկե ծիրան» փառատոնի կողմից  հրավեր ստանալը
Մշակույթ
12:00 15/07/2017
Հայաստան

Սերբ ռեժիսորի համար պատիվ է «Ոսկե ծիրան» փառատոնի կողմից հրավեր ստանալը

«Ոսկե ծիրան» 14-րդ կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթում ընդգրկված է սերբ ռեժիսոր Բոյան Վուլետիչի «Տիկին Յ-ի ռեքվիեմը» ֆիլմը, որը պատմում է մի կնոջ մասին, ով ուզում է ինքնասպան լինել ամուսնու մահվան տարելիցի օրը: Բոյան Վուլետիչը նաև ֆիլմի սցենարի հեղինակն է: Ֆիլմն այս տարի Սոֆիայի ՄԿՓ-ում արժանացել է  FIPRESCI-ի մրցանակի:

«Անձնական էր գաղափարը, իմ արձագանքն է այն ամենին, ինչ մեր օրերում կատարվում է Սերբիայում: Ինձ կանայք են խնամել, ես իմ աշխարհայացքով ավելի մոտ եմ նրանց տեսակետին, թե ինչպես են ընկալում աշխարհը հատկապես այնպիսի ավանդական երկրում, ինչպիսին Սերբիան է»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռեժիսորը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս առաջացավ նման ֆիլմ նկարահանելու գաղափար:

Նրա խոսքով, անցումը սոցիալիզմից կապիտալիզմի, իր հետ բերող արժեհամակարգն անորոշ վիճակ է առաջացնում շատերի մոտ:

«Ապրելով կանանց հետո՝ փորձել եմ պատմել մի պատմություն, որը բխում է իմ սեփական փորձից, ինչը փորձել եմ ցույց տալ թույլ սեռի աչքերով, քանի որ նրանք հատկապես իմ երկրում միշտ ճնշման տակ են գտնվում»,- ասաց Բոյան Վուլետիչը:

Ռեժիսորը նշեց, որ ֆիլմն ընտանեկան հարաբերությունների մասին է, կնոջ և իր դստեր փոխհարաբերությունների, ինչպես է հաղորդակցվում իր աղջկա հետ:

Սերբ ռեժիսորն ասաց, որ հավանել է Երևանը, ճարտարապետությունը:

«Ուրախ եմ այստեղ գտնվելու համար, պատիվ է նման հեղինակավոր փառատոնի կողմից  հրավեր ստանալը»,- ասաց նա:

Ֆիլմի մասին՝
Նախկին վարչական աշխատող տիկին Յ.-ն որոշում է ավարտին հասցնել իր բոլոր պարտականությունները. լվանալ մի ամբողջ լվացարան լի ափսեները, խանութ գնալ, գտնել ընտանեկան հին ատրճանակը: Հանգուցյալ ամուսնու ատրճանակը: Նա որոշել է ինքնասպան լինել ամուսնու մահվան առաջին տարելիցին, որին ընդամենը մեկ շաբաթ է մնացել: Տիկինը մտադիր է ավարտել իր անձնական և վարչական գործերը, որպեսզի ուզածի պես ինքնասպանություն գործի: Բայց այդ ամենն իրագործելու համար նրան մի բան է պակասում՝ փաստաթուղթ վերջին քսան տարին աշխատելու  մասին: Մի երկրում, որը սոցիալական անցումային փուլում է, սա արտակարգ դժվար խնդիր է: Ապրելն անցումային ժամանակաշրջանում բարդ է, իսկ մեռնելը՝ շատ ավելի:

 

Placeholder
Սերբ ռեժիսորի համար պատիվ է «Ոսկե ծիրան» փառատոնի կողմից հրավեր ստանալը