Ռեժիսոր Ջո Բեռլինգեր. Հույս ունեմ՝ իմ նկարած ֆիլմը կօգնի, որ Թուրքիան ընդունի կատարած ոճիրը
Մշակույթ
10:12 17/07/2017
Հայաստան

Ռեժիսոր Ջո Բեռլինգեր. Հույս ունեմ՝ իմ նկարած ֆիլմը կօգնի, որ Թուրքիան ընդունի կատարած ոճիրը

«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի փակման արարողությանը, որը կայացավ նախօրեին, ցուցադրվեց ամերիկացի ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բջնջման մտադրություն» ֆիլմը: Հայկական ցեղասպանության մասին պատմող վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «Տրայբեկա» կինոփառատոնում: Ռեժիսորը հանդիպել է պատմաբանների և գիտնականների հետ՝ Հայոց ցեղասպանության և Թուրքիայի մերժողական քաղաքականության վրա լույս սփռելու նպատակով:

Ռեժիսոր Ջո Բեռլինգերն արժանացավ երևանյան կինոփառատոնի «Վարպետ» հատուկ մրցանակին: Կինոռեժիսորին մրցանակը հանձնեց «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:

«Ռեժիսորը լուրջ գործ է կատարել հայ ժողովրդի, հայոց պատմության համար: Նա ժամանել է Երևան՝ ներկայացնելու իր ֆիլմը»,- նախքան մրցանակը հանձնելը՝ հայտարարեց Հ. Խաչատրյանը:

Ջո Բեռլինգերը նշեց, որ Նյու Յորքում է ապրում, հրեա է, հայ ժողովրդի հետ շատ խորը կապ է զգում:

«Ինչո՞ւ: Որովհետև հրեաներս սարսափելի Ցեղասպանության ենք ենթարկվել, ինչպես հայ ժողովուրդը: Տարբերությունն այն է, որ մեր Ցեղասպանության համար պատասխանատուն ընդունել է  իր պատասխանատվությունը, մինչդեռ ձեր Ցեղասպանության պատասխանատուն չի ընդունել և ժխտում է: Դրա համար էլ նկարեցի այս ֆիլմը: Հույս ունեմ, որ իմ նկարած ֆիլմը կօգնի տարածել դրա մասին իրազեկությունը և կօգնի, որ Թուրքիան ընդունի իր կատարած ոճիրը»,-ասաց նա:

Ջո Բեռլինգերը նշեց, որ մեծ պատիվ է  ստանալ այս մրցանակն այդ ժողովրդից, ում սիրում է:

«Այս մի քանի օրը, որն անցկացրեցի Երևանում, վերահաստատեցին սերն ու համակրանքը, որ ունեմ ձեր երկրի հանդեպ»,- նշեց ռեժիսորը: 

 

Placeholder
Ռեժիսոր Ջո Բեռլինգեր. Հույս ունեմ՝ իմ նկարած ֆիլմը կօգնի, որ Թուրքիան ընդունի կատարած ոճիրը