Արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում մինչև 2022թ-ը նախատեսվում է ավելացնել մինչև 42-45%. Ազիզյան
Տնտեսություն
14:11 18/07/2017
Հայաստան

Արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում մինչև 2022թ-ը նախատեսվում է ավելացնել մինչև 42-45%. Ազիզյան

«Մեր նպատակն է ստեղծել այնպիսի տնտեսական պայմաններ, որոնք թույլ կտան կարճ ժամանակահատվածում էապես ավելացնել Հայաստանում իրականացվող  տնտեսական գործունեության ծավալները»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը՝ ներկայացնելով կառավարության 2017-2022 թվականների ծրագրով իրականացվելիք միջոցառումները:

Փոխնախարարի խոսքերով՝ այդ ամենին կարող են հասնել միայն այն դեպքում, եթե տնտեսությունը լինի մրցունակ, ապահովված լինի դրան նպաստող ինստիտուցիոնալ հիմքերով  և ունենա արտաքին մարտահրավերներին դիմագրավելու կարողություններ:

Հովհաննես Ազիզյանը հայտնեց, որ բոլոր գործարարները, որոնք կիրականացնեն նոր ներդրումներ, կարտադրեն ու կարտահանեն մրցունակ արտադրանք, կստեղծեն նոր աշխատատեղեր, լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում:

«Մշակելու ենք նրանց ծրագրերի օժանդակության այնպիսի գործիքակազմ, որն արդյունավետ լրացում կդառնա այդ ծրագրերի իրագործման համար»,- ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով արտահանման և ներդրումների ոլորտներում իրականացվելիք բարեփոխումներին՝ Հովհաննես Ազիզյանը նշեց, որ  արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում  նախատեսվում է ավելացնել մինչև 42-45%:

«Այդ ցուցանիշին հասնելու համար անհրաժեշտ է մեր արտահանման ներկայիս ծավալները կրկնապատկել: Եթե 2016թ-ին ունեցել ենք 3,5 մլրդ դոլարի արտահանում,  ապա պետք է մինչև 2022թ-ն  ապահովենք 6,5-7 մլրդ դոլարի արտահանում: Մեր կարծիքով դա հավակնոտ, բայց իրատեսական ցուցանիշ է, որն ապահովելու համար նախատեսված են հստակ միջոցառումների ծրագիր»,- ընդգծեց փոխնախարարը:

Մասնավորապես,  2018 թվականի հունվարի 1-ից  կներդրվի ինքնահայտարարագրման համակարգը, որը հնարավորություն կտա  առանց ծագման սերտիֆիկատ ներկայացնելու մինչև 6000 եվրո արտահանում իրականացնել ԵՄ մեկ անգամ ինքնահայտարարագրումից հետո:

Հաջորդը վերաբերում է տարբեր երկրների հետ ազատ առևտրի համաձայնագրերի կնքման գործընթացին:

«Դա իրականացվում է ԵԱՏՄ-ի շրջանակներում և ներկայումս բանակցություններ են ընթանում Իրանի, Հնդկաստանի, Իսրայելի հետ, ինչը լրացուցիչ հնարավորություն է, որպեսզի տեղական արտադրողները զրոյական մաքսատուրքով  իրենց արտադրանքն արտահանեն»,- ընդգծեց  ՏԶՆ փոխնախարարը՝ հավելելով, որ ներկայումս Իրանի հետ ակտիվ բանակցություններ են ընթանում  և Հայաստանը հանդես է գալիս որպես նախաձեռնող:

Placeholder
Արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում մինչև 2022թ-ը նախատեսվում է ավելացնել մինչև 42-45%. Ազիզյան