Առողջապահության նախարարությունը հիշեցրել է շոգ եղանակին ակտիվացող վարակիչ հիվանդությունների մասին
Առողջություն
14:00 20/07/2017
Հայաստան

Առողջապահության նախարարությունը հիշեցրել է շոգ եղանակին ակտիվացող վարակիչ հիվանդությունների մասին

Առողջապահության նախարարությունը հաղորդագրությամբ հիշեցրել է շոգ եղանակին ակտիվացող վարակիչ հիվանդությունների մասին.

«Շոգ եղանակին նպաստավոր պայմաններ են ստեղծվում վարակիչ հիվանդություններ փոխանցողների բազմացման և արտաքին միջավայրում պահպանման համար: Միաժամանակ, սննդային թունավորումների առաջացման տեսանկյունից վտանգավոր է արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքի (միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, մանկական սնունդ, չփաթեթավորված սննդամթերք, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ, գրիլ, արագ փչացող սննդատեսակներով սենդվիչներ, ձկնեղեն և այլն) բացօթյա պայմաններում և այդ նպատակի համար չնախատեսված վայրերում վաճառքի իրականացումը:

Առավել բարձր ռիսկի գործոն է սննդամթերքի բացօթյա պատրաստումը և վաճառքը, որի դեպքում չի բացառվում սննդամթերքի մանրէային երկրորդային աղտոտումը, ինչը կարող է աղիքային վարակիչ հիվանդությունների (դիզենտերիա, սալմոնելոզ, շիգելոզ, իերսինիոզ և այլն) և սննդային թունավորումների առաջացման ու տարածման պատճառ դառնալ:

Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է.

• սննդամթերքը (միրգ, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով,

• պահպանել մթերքը պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում,

• ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք,

• չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակ, փքաբլիթ, խորոված, քաբաբ և այլն,

• ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր,

• սննդամթերքը պահել փակ տարաներում՝ ճանճերի կողմից աղտոտումը կանխելու նպատակով,

• առանձնացնել հում մթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի սննդամթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակ, ափսե, տախտակ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցան, միրգ, բանջարեղեն և այլն),

• սնունդը լավ եփել կամ տապակել` առնվազն 700C պայմաններում,

• պատահական վայերից սունկ չգնել: Գնված սունկը պետք է ուշադիր լվանալ, և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ,

• հետևել ձեռքերի հիգիենային՝ լվացվել հաճախակի, և պարտադիր` յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո»։

Placeholder
Առողջապահության նախարարությունը հիշեցրել է շոգ եղանակին ակտիվացող վարակիչ հիվանդությունների մասին