Եվ հայկական, և իրանական կողմը դժգոհ են երկկողմ առևտրաշրջանառության մակարդակից. Իրանագետ
Քաղաքական
13:14 24/07/2017
Հայաստան

Եվ հայկական, և իրանական կողմը դժգոհ են երկկողմ առևտրաշրջանառության մակարդակից. Իրանագետ

Հայ-իրանական սահմանին՝ Սյունիքի մարզում, ազատ տնտեսական գոտու գործարկումը զգալիորեն կմեծացնի հայ-իրանական առևտրաշրջանառության ծավալները: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը:

Անդրադառնալով Մեղրի-Նորդուզ անցակետի համատեղ օգտագործման վերաբերյալ համաձայնագրին՝ բանախոսը նկատեց փաստաթղթի հիմնական նպատակն է Իրանի և Հայաստանի միջև տնտեսական հեռանկարային ծրագրերը կյանքի կոչելը։

«Օրինագիծը մի քանի անգամ քննարկվել է Իրանի խորհրդարանում և արդեն օրերս հաստատվել: Համաձայնագիրը վերաբերում է  և տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու ոլորտին, և երկկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, և էներգետիկ ռեսուրսների տարանցիկ փոխադրումներին»,- ասաց Արմեն Իսրայելյանը:

Իրանագետի խոսքով, որպեսզի հայ-իրանական սահմանային անցակետերում մաքսային գործընթացներն արագ ձևակերպվեն, պետք է ձևավորվի համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի ոլորտին առնչվող հարցերով:

Նա նաև հիշեցրեց՝ 2015 թվականին Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է 120-130 միլիոն դոլար, այն դեպքում, երբ 2016-ին՝ 170 միլիոն է: Սակայն և իրանական, և հայկական կողմը դժգոհ են առևտրաշրջանառության մակարդակից, քանի որ գտնում են, որ ներուժը հսկայական է:

«Հուսանք՝ համաձայնագիրը կնպաստի դրան»,- նշեց իրանագետը:

Բանախոսի կարծիքով, Իրանի հետ տնտեսական համագործակցությունը խորացնելու համար ծրագրերը պետք է բաժանել երկու խմբի՝ կարճաժամկետ և երկարաժամկետ: Իրանն ու Հայաստանը մեկ կարևոր նախագիծ արդեն իսկ կյանքի են կոչել. դա Իրանի և Հայաստանի միջև գործող գազամուղն է: Սակայն օրակարգում պետք է պահել նաև հայ-իրանական երկաթգծի կառուցման ծրագիրը:

Անդրադառնալով Հայաստանի հետ փոխգործակցությանը՝ որպես ԵԱՏՄ անդամի, Արմեն Իսրայելյանը նշեց, որ պաշտոնական Թեհրանը ողջունում է Հայաստան-ԵԱՏՄ համագործակցությունը, ավելին, Իրանը շահագրգռված է Հայաստանի միջոցով կապ հաստատել կառույցի  անդամ երկրների հետ:

«Իրանը փորձում է տնտեսական կապեր հաստատել բոլոր ուղղություններով, յուրաքանչյուր շուկա Իրանի համար կարևոր է: Սրան  զուգահեռ՝ վերջին տարիներին զգալի նվազել է թուրք-իրանական տնտեսական կապերի ակտիվությունը»,- ամփոփեց բանախոսը:

Placeholder
Եվ հայկական, և իրանական կողմը դժգոհ են երկկողմ առևտրաշրջանառության մակարդակից. Իրանագետ