Ցախի Հանեգբին համոզված է՝ ՏՏ բնագավառում  ՀՀ-ի և Իսրայելի միջև գործակցությունն ապագա ունի
Տնտեսություն
13:07 26/07/2017
Հայաստան

Ցախի Հանեգբին համոզված է՝ ՏՏ բնագավառում ՀՀ-ի և Իսրայելի միջև գործակցությունն ապագա ունի

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է եռօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, նախարարը, ողջունելով հյուրերին, կարևորել է գործընկերոջ այցը Հայաստան` հույս հայտնելով, որ այն կխորացնի հայ-իսրայելական համագործակցությունը տրանսպորտի, հեռահաղորդակցության, ինչպես նաև ՏՏ ոլորտներում:

Ցախի Հանեգբին ընդգծել է բոլորովին վերջերս Հայաստան-Իսրայել ուղիղ չվերթների ներդնումը, որպես երկու երկրների միջև գործակցության խթան: Ցախի Հանեգբիի հարցին ի պատասխան` նախարար Վահան Մարտիրոսjանը ներկայացրել է Հայաստանի տրանսպորտային համակարգն ու սպասվող ծավալուն բարեփոխումների ծրագիրը:

Վահան Մարտիրոսյանը հեռանկարայինէ  համարել ՏՏ ոլորտում երկու երկրների համագործակցությունը` նկատի ունենալով երկու ժողովուրդների մտավոր մեծ ներուժը: Նա նշել է, որ Հայաստանում գործող մի քանի տեխնոլոգիական կենտրոններ ուրախ կլինեն իրենց հարկի տակ ընդունել իսրայելական ՏՏ ընկերություններին:

Վահան Մարտիրոսյանը Տարածաշրջանային համագործակցության նախարարին և
իսրայելական ՏՏ ընկերություններին այդ համատեքստում հրավիրել է  ներկա գտնվելու աշնանը Երևանում կայանալիք ամենամյա «ԴիջիԹեք Էքսպո» տեխնոլոգիական ցուցահանդեսին:

Ցախի Հանեգբին նույնպես կարևորել է ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները և համոզմունք հայտնել, որ այդ բնագավառում երկու երկրների միջև գործակցությունն ապագա ունի:

Նախարար Վահան Մարտիրոսյանը Ցախի Հանեգբիին ներկայացրել է նաև Հայաստանում
հեռահաղորդակցության ոլորտի զարգացման ուղղությունները, օպերատորների կողմից ներդրվող նոր տեխնոլոգիաները` նշելով, որ նրանք արդեն իսկ  օգտագործում են նաև իսրայելական սարքավորումներ:

Կիբերանվտանգության համատեքստում նախարարները անդրադարձել են երկու երկրներում այս ոլորտի պատասխանատու կառույցների գործունեությանն ու անվտանգությանն ուղղված միջոցառումներին:

Placeholder