Այվազովսկու ժառանգներն առաջին անգամ ծանոթացել են նկարչի բնօրինակ աշխատանքներին
Մշակույթ
12:48 27/07/2017
Աշխարհ

Այվազովսկու ժառանգներն առաջին անգամ ծանոթացել են նկարչի բնօրինակ աշխատանքներին

Ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու տոհմի տասը ներկայացուցիչներ առաջին անգամ տեսել են իրենց հանրահայտ բարեկամի բնօրինակ նկարները Տրետյակովյան պատկերասրահում: ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել է Այվազովսկու թոռան՝ Ալեքսեյ Գանզենի ծոռնուհին՝ Իրինա Կասացկայան:

«Երբ նրանք մտան Տրետյակովյան պատկերասրահի դահլիճ և առաջին անգամ տեսան իրենց նախահոր աշխատանքները, շատերը չէին կարողանում զսպել արցունքները: Նրանք բոլորը գիտակցում էին հարստության մեծությունը, որը թողել է մեծ նկարիչը, բայց առաջին անգամ  կարողացան զգալ դա հենց Ռուսաստանում»,- ասել է Կուսացկայան:

Հենց նա է եղել Ավստրալիայից  պատվիրակության այցի կազմակերպման նախաձեռնողը:
Այվազովսկու ժառանգները  (նկարչի երրորդ դստեր որդու գծով) առաջին անգամ են այցելել Ռուսաստան: Մոսկվայում կմնան մինչև հուլիսի 28-ը, այնուհետև կգնան Թեոդոսիա՝ մասնակցելու նկարչի 200-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին:

Աշխարհում ամենահայտնի ծովանկարիչներից Հովհաննես Այվազովսկու 200-ամյակը  լրանում է հուլիսի 29-ին: 

Հիշեցնենք, որ 2017 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հիշարժան տարեթվերի շարքում ընդգրված է Հովհաննես Այվազովսկու հոբելյանը (200-ամյակ):

Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին  Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։
Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։
Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։
Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։

Placeholder
Այվազովսկու ժառանգներն առաջին անգամ ծանոթացել են նկարչի բնօրինակ աշխատանքներին