«Դուք ունեք մեծ հնարավորություններ և 10-15 տոկոս աճը չի կարող բավարար լինել». վարչապետ
Տնտեսություն
10:33 31/07/2017
Հայաստան

«Դուք ունեք մեծ հնարավորություններ և 10-15 տոկոս աճը չի կարող բավարար լինել». վարչապետ

Վեդու ջրամբարի շահագործմամբ հնարավոր կլինի 18 մլն խմ-ով տնտեսել Սևանա լճի ջուրը,  այս մասին հուլիսի 29-ին Արարատի մարզ այցելած վարչապետ Կարեն Կարապետյանին է զեկուցել Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։ Նա նշել է նաև, որ ակնկալվում է դրա արդյունքում ունենալ 2800  հեկտար ոռոգելի նոր հողեր: 

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ վարչապետը նախ եղել է Վեդու ջրամբարի կառուցման շինհրապարակում, ծանոթացել շինարարական նախագծերին, զրուցել ծրագրի պատասխանատուների և շինարարների հետ: Ջրամբարի կառուցումը կարևոր քայլ է գալիք տասնամյակներում Արարատյան դաշտի շուրջ 7500 հեկտար հողատարածքների հուսալի ոռոգումը և գյուղատնտեսության զարգացումն ապահովելու, ինչպես նաև Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնմանն աջակցելու համար:

Արսեն Հարությունյանը տեղեկացրել է, որ Վեդու ջրամբարի ընդհանուր ծավալն ի սկզբանե նախատեսված է եղել 29,4 մլն խմ, սակայն աշխատանքների արդյունքում տարեկան ջրամբար կլցվի 2,5 մլն խմ-ով ավելի ջուր: Ջրամբարի ջուրը կլցվի Վեդի և Խոսրով գետերի հեղեղային (ազատ) հոսքերով՝ ոռոգման շրջանից դուրս: Վեդու ջրամբարի համար նախատեսվում է կառուցել երկու պատվար, թասի մակերեսը 120 հեկտար է: Ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման 90 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Վեդու ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցման աշխատանքները մեկնարկել են 2017 թ. մարտին: Պատասխանատուների խոսքով՝  հնարավոր է ժամկետների տնտեսում, որի արդյունքում աշխատանքներն ավարտին կհասցվեն 2020թ. կեսերին: Ծրագրի իրականացման ընթացքում կստեղծվի 150 նոր աշխատատեղ:

Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքում նաև տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու հետագա անելիքները:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արարատի մարզի սեփական եկամուտների համար նախատեսված 2,1 մլրդ դրամն իրականում պետք է լինի 3,8-3,9 մլրդ դրամ: Դուք ունեք մեծ հնարավորություններ և 10-15 տոկոս աճը չի կարող բավարար լինել: Դուք ունեք նաև չափազանց մեծ դիսբալանսային ցուցանիշներ: Շատ արագ այդ ամենը պետք է կարգավորեք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով բիզնես ծրագրերի խթանմանը՝ գործադիրի ղեկավարը կարևորել է արտերկրում գտնվող մեր հայրենակիցների հետ ակտիվ շփումներն ու կապերի հաստատումը: «Մարզում պետք է ձևավորվեն գաղափարներ, նախագծեր, որոնք տրամաբանական են բիզնեսի համար՝ ինտենսիվ այգի, կաթիլային համակարգ, գյուղտեխնիկա, թեթև արդյունաբերություն և այլն: Առարկայական պետք է խոսել, ներգրավել արտերկրում գտնվող արարատցիներին, ինչը նոր ալիք կձևավորի»,- ընդգծել է վարչապետը:

Placeholder
«Դուք ունեք մեծ հնարավորություններ և 10-15 տոկոս աճը չի կարող բավարար լինել». վարչապետ