Արցախի Մարտունու շրջանում  մեկնարկել է «Գիտելիքը ուժ է» ամառային դպրոց-ճամբարը
Կրթություն, գիտություն
13:31 01/08/2017
ԼՂՀ

Արցախի Մարտունու շրջանում մեկնարկել է «Գիտելիքը ուժ է» ամառային դպրոց-ճամբարը

Այսօրվանից երկու շաբաթ տևողությամբ Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղում կգործի «Գիտելիքը ուժ է» ամառային  դպրոց-ճամբարը, որը համանուն կրթական նախաձեռնության մի մասն է:

«Գիտելիքը ուժ է» կրթական նախաձեռնությունից հայտնում են, որ ամառային  դպրոցին մասնակցում են Մարտունի քաղաքի, Գիշիի և հարակից գյուղերի 10-15 տարեկան 125 աշակերտներ:  Նախաձեռնությունը պատկանում է Հայաստանի ու Արցախի՝ կրթության ոլորտի մի խումբ մասնագետներին:

«Ուրախ ենք, որ Մարտունու շրջանի մի շարք համայնքների  դպրոցականների համար ամռան ընթացքում ժամանցն ու կրթությունը համատեղելու նման հնարավորություն է ստեղծվում: Ներգրավված են  բարձրորակ մասնագետներ և վստահ ենք, որ  այս ամառային դպրոցը լուրջ խթան կհանդիսանա կրթական մակարդակի բարձրացման ու մասնագիտական կողմնորոշման առումով»,-աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանը:

Ամառային դպրոցի  համար պատրաստվել է հատուկ  ուսումնաժամանցային ծրագիր, որի հիմնական նպատակն է  զարգացնել  երեխաների հետազոտական, ստեղծագործական  համագործակցության հմտությունները՝  ժամանցային և կրթական  բաղադրիչների միջոցով: Կրթական  մասը կառուցված  է STEM (Science, Technology, Engineerig, Math) կրթության մոտեցումների հիման վրա: Ժամանակակից կրթական տեխնոլոգիաների և մեթոդների կիրառմամբ և հետազոտական, հետաքրքրաշարժ ու զվարճալի առաջադրանքների միջոցով կամրապնդվեն և կխորացվի մասնակիցների գիտելիքները՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի, ճարտարագիտության և արվեստի ու պատմության բնագավառներում։ Մեծ ուշադրություն կդարձվի նաև հայ ժողովրդի  պատմության ու հայ եկեղեցու պատմության ուսուցանմանը:

«Ամառային դպրոցի կազմակերպման գաղափարն իրականում եկել է Գիշիի գյուղի փոքրիկներից մեկից։ Մենք էլ՝ հայաստանցի և արցախցի մի խումբ մասնագետներով որոշեցինք կյանքի կոչել այն և նախաձեռնել այնպիսի մի ճամբար, որն իսկապես օգտակար կլինի երեխաների համար՝ ապահովելով թե նրանց ժամանցը, թե անհրաժեշտ ու օգտակար գիտելիքների փոխանցումը: Ծրագիրը մշակվել է ոլորտի լավագույն մասնագետների կողմից, երեխաների հետ կաշխատեն Հայաստանից և Արցախից հրավիրված լավագույն մանկավարժները,  ովքեր իրենց փորձով կկիսվեն նաև տեղի ուսուցիչների հետ»,-ասել է նախաձեռնության հեղինակ Անուշ Եդիգարյանը:

Placeholder
Արցախի Մարտունու շրջանում մեկնարկել է «Գիտելիքը ուժ է» ամառային դպրոց-ճամբարը