«Շեշտադրվում է արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի զարգացումը»
Տնտեսություն
16:36 03/08/2017
Հայաստան

«Շեշտադրվում է արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի զարգացումը»

ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի զարգացման նպատակով կառավարությունը հաստատել է երկրների թիրախավորման տնտեսական չափանիշները, թիրախային երկրների ցանկը սահմանելու և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների տնտեսական գործունեության կատարողականի գնահատման չափանիշները: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կառավարության նիստում նշեց, որ  կա նաև առանձնացված երկրների մեկնարկային ցանկ, որոնց մասով հատուկ ուշադրություն է լինելու, և այդ ցանկը ենթակա է ընդլայնման:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորեց որոշման ընդունումը՝ նշելով, որ ՀՀ դեսպանների դիվանագիտական կորպուսի հաշվետվության մեջ ներառվելու է տնտեսական բաղադրիչը, ձևավորվելու են երկրների ռանգավորման հայտանիշներ՝ ըստ ծավալների, հետաքրքրությունների ու հեռանկարների և տարեվերջին ներկայացվելու են բոլոր հաշվետվությունները:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանն ասաց, որ ներկայացված փաթեթով  մի քանի փաստաթուղթ է հաստատվում:

«Նախ հաստատվում է երկրների ցանկ, հաստատվում են նաև որոշակի  չափորոշիչներ՝ հետագայում աշխատանքներ իրականացնելու և դեսպանությունների առջև խնդիր դնելու տեսանկյունից: Ներկայացվում է նաև, թե ինչ մոտեցումների հիման վրա պետք է երկրները թիրախավորվեն: Հիմնավորող փաստաթղթերում նաև հստակ նշվել է, որ վերջին շրջանում առաջին անգամ է, որ արտաքին հարաբերությունների զարգացման ընդհանուր կոնտեքստում տնտեսական բաղադրիչի վրա նման շեշտադրում է իրականացվում: Ինչ-որ առումով նաև պիլոտային ծրագիր է համարվում և հիմնավորող փաստաթղթերում հստակ նշվում է, որ սա հետագայում ենթակա է զարգացման՝ ոչ միայն համակարգի հետագա գործունեության չափանիշերի վերանայման, կատարելագործման  առումով, այլ նաև երկրների ցանկի վերանայման առումով»,- ասաց փոխնախարարը:

Գ.Մելքոնյանի խոսքով, աշխատանքային խմբի շրջանակներում, որը հաստատվել է վարչապետի որոշմամբ, նաև այս ամբողջ գործըթնացն իրականացնելով  Հայաստանի նախագահի՝ արտաքին տնտեսական բաղադրիչի ուժեղացման հանձնարարականի շրջանակներում, մանրամասն քննարկել են թիրախային երկրների ցանկը ֆիքսելու հնարավոր ճանապարհները: Նա նշեց, որ այդ ցանկը կազմելիս հաշվի է առնվում տվյալ երկրում դեսպանության կարողությունները, այդ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու առկա պոտենցիալը, համայնքի առկայությունը և այլ զանազան բաղադրիչներ:

«Երկրների ընտրությունն  առաջին տասնակի մեջ ԵՍՏՄ կամ այլ միությունների անդամ լինելով պայմանավորված չէ»,- ընդգծեց տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարը:

Նա նշեց, որ հետագա ժամանակաշրշանում  այս ցանկը ենթակա է համալրման, բացի առավել թիրախային երկրների խմբից քննարկում են նաև միջին թիրախայնության ունեցող երկրների խումբ հաստատելու հարցը:

Պատասխանելով  դեսպանների աշխատանքի մասին հարցին, Գ. Մելքոնյանն ասաց. «Աշխարհի ամենատարբեր երկրներում հինգ տասնյակից ավելի դիվանագիտական ներկայացուցչություններ կան: Ցավոք սրտի, ոչ բոլոր դեսպանություններում է, որտեղ դիվանագետների հաստիքակազմը բավարար է ունենալ առանձին մասնագետներ տնտեսական առևտրային հարցերով զբաղվելու հաամր: Տեղում տնտեսական բնույթի գործունեություն իրականացնելու համար պետք է դիվանագետն ունենա տնտեսության մասին տեղեկատվություն, փորձառություն, մասնագիտական կարողություններ, տեղյակ լինի երկրի տնտեսական քաղաքականության առաջնայնություններից:

Վստահ եմ՝ այս փաթեթի հիման վրա ԱԳՆ միջոցով իրականացվող աշխատանքը կունենա իր որոշակի արդյունքները»,- ասաց փոխնախարարը:

Placeholder
«Շեշտադրվում է արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի զարգացումը»