«Միջազգային օլիմպիադաներում մեր աշակերտները բարձր գիտելիքներ են ցուցաբերում, բայց կան խնդիրներ»
Կրթություն, գիտություն
12:45 04/08/2017
Հայաստան

«Միջազգային օլիմպիադաներում մեր աշակերտները բարձր գիտելիքներ են ցուցաբերում, բայց կան խնդիրներ»

«Այս տարի միջազգային առարկայական օլիմպիադաներում ունեցանք շատ լավ արդյունքներ, հաջողություններ,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը: 

Նա նշեց, որ հանրապետական փուլի մասնակիցներից միջազգային օլիմպիադաներին մասնակցելու համար ընտրվել է 27 աշակերտ, որոնցից 6-ը դեռ իրենց ուժերը կփորձեն նոյեմբերին կայանալիք «Աստղագիտություն» առարկայի օլիմպիադայի ժամանակ:

Ա. Արշակյանի խոսքով, 21 մասնակիցները մասնակցել են «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն» առարկաների օլիմպիադաներին:

«Բոլոր առարկաների գծով ունեցել ենք մեդալակիրներ»,- նշեց նա:

Ընդհանուր առմամբ, միջազգային առարկայական օլիմպիադաներից հայ աշակերտները վերադարձել են 7 բրոնզե, 4 արծաթե մեդալներով, 2 գովասանագրով: Ավելի շատ «Մաթեմատիկա» առարկայից են մեդալների արժանացել հայ աշակերտները:

«Շատ լավ արդյունք է, բարձր արդյունք է: «Աստղագիտություն» առարկայից նույնպես ունենք սպասելիքներ»,- ասաց կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետը: 

Միջազգային առարկայական օլիմպիադայի կենսաբանության թիմի ղեկավար Գայանե Ղուկասյանի խոսքով, աշակերտները բարձր գիտելիքներ են ցուցաբերում, բայց, բնականաբար, կան խնդիրներ, որոնք պետք է հաղթահարել:

«Մեր պարագայում լեզվի խնդիրն է: Օրինակ, «Կենսաբանություն» առարկայի օլիպիադայի պաշտոնական լեզուն ագլերենն է: Աշխատանքի ծավալը շատ մեծ է, մոտ 250 էջ: Մենք ստիպված ենք լինում այդ քանակի նյութը թարգմանել հայերեն: Դրա համար 3 օր ենք ունենում, պետք է լավագույնս թարգմանենք, որպեսզի աշակերտները հասկանան, կարող են լինել նրբություններ, որոնք շատ կարևոր են տվյալ խնդիրը լուծելու համար»,- ասաց նա:

Placeholder
«Միջազգային օլիմպիադաներում մեր աշակերտները բարձր գիտելիքներ են ցուցաբերում, բայց կան խնդիրներ»