Արամ Առաջինը հանդիպել է Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի պահանջով դատի փաստաբանին
Իրավունք
19:44 04/08/2017
Աշխարհ

Արամ Առաջինը հանդիպել է Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի պահանջով դատի փաստաբանին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինն աշխատանքային հանդիպում է ունեցել Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի պահանջով դատի գլխավոր փաստաբաններից Ճեմ Սոֆու Օղլուին: Ներկա են եղել նաև Դատի իրավական հանձնախմբի անդամ Դոկտ. Նորա Պայրաքտարյանը:

Կաթողիկոսարանի տեղեկացմամբ, հանդիպմանը քննարկվել է դատական գործընթացի ներկա փուլն ու առաջիկա հնարավորությունները, մասնավորեպես Թուրքիայում տիրող  ներկա պայմանների լույսի ներքո:

Նշենք, որ 2015 թ. ապրիլի 28-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը հայց էր ներկայացրել Թուրքիայի սահմանադրական դատարան՝ պահանջելով Սիսի իր պատմական Կաթողիկոսարանի վերադարձը: Թուրքիայի Սահմանադրական դատարանում Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձի մասին հայցի մերժվելուց հետո Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ 

Կիլիկիո Կաթողիկոսարանը, որը գտնվում է պատմական Կիլիկյան թագավորության մայրաքաղաք Սիսում, թուրքական կառավարությունը առգրավել էր Հայոց ցեղասպանությունից հետո: 1921 թվականին Օսմանյան կառավարությունը երկու օր ժամանակ է տվել Սահակ Բ. Խաբայան Կաթողիկոսին` Կաթողիկոսարանից վերջնականապես հեռանալու համար:
Սահակ կաթողիկոսը, վերցնելով կրոնական և մշակութային թանկագին գանձեր (ձեռագիր, հնատիպ, ծիսական սպասք, մյուռոնի կաթսան), իր փոքրաթիվ միաբանության հետ բռնել է գաղթի ճամփան: Վեհափառը հաջորդաբար հաստատվել է Երուսաղեմում, Հալեպում, Դամասկոսում, Կիպրոսում և 1930-ին` Անթիլիասում։

Placeholder