Իրականում Եվրոպան դեմ չէ ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներին.Ստյոպա Սաֆարյան
Քաղաքական
14:52 04/08/2017
Աշխարհ

Իրականում Եվրոպան դեմ չէ ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներին.Ստյոպա Սաֆարյան

Եվրոպական ընկերությունները կարող էին հրաժարվել ԱՄՆ-ից հեղուկ գազի գնումից՝ ի պատասխան ՌԴ-ի դեմ ամերիկյան կառավարության պատժամիջոցների։ Այսպիսի առաջարկով է հանդես եկել Ֆրանսիայի Սենատի անդամ Իվ Պացցո դի Բորգոն, ում կարծիքով Մոսկվայի դեմ Վաշինգտոնի գործողությունները բացատրվում են այլ երկրներ արտահանմանը զարկ տալու ցանկությամբ՝ քաղաքականությունն օգտագործելով որպես առիթ։

Թե ինչու է Եվրոպան, Ռուսատանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելով հանդերձ, ծանր տանում Միացյալ նահանգների կողմից գործադրվող սանկցիաները՝  Panorama.am-ի թղթակիցը զրուցեց Միջազգային և անվտանգության hարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան  Ստյոպա Սաֆարյանի հետ։

«Եվրոպան բուռն է արձագանքում Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին, քանի որ գազամուղների ոլորտում տեխնոլոգիաներ տրամադրելու գործում մատակարարների դերում երբեմն հանդես են գալիս հենց եվրոպական ընկերությունները։ Հետևաբար, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից տուժում են նաև եվրոպական ընկերություններ, և թերևս սա է պատճառը, որ եթե պատժամիջոցների թիրախն անուղղակիորեն վերաբերում է եվրոպական ընկերություններին, Եվրոպայում նման սանկցիաները չեն կարող ողջունվել։

Բայց Եվրոպան ստիպված է այդ ամենի հետ համակերպվել, և որքան էլ տնտեսական կորուստներ և անշահավետ իրավիճակնր ստեղծվեն, մինևնույն է, գլոբալ առումով Եվրոպայի համար անվտանգությունը գերակա է։ Ի վերջո, տրանսատլանտյան հանրության շրջանում Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև տարաձայնությունները հարթվում են»,- նշեց վերլուծաբանը։

Ստյոպա Սաֆարյանի խոսքով, իրականում Եվրոպան դեմ չէ ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներին, հակառակը, որոշ ժամանակ առաջ նույնիսկ մտավախություն ուներ, որ Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կվերացնի պատժամիջոցները, և եվրոպական սանկցիաներն անիմաստ կդառնան։

Placeholder
Իրականում Եվրոպան դեմ չէ ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներին.Ստյոպա Սաֆարյան