Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում
Մշակույթ
12:49 07/08/2017
Հայաստան

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը, Շանհայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում  տեղի ունեցած  համաշխարհային պրեմիերայից հետո, ցուցադրվելու է նաև Իտալիայում՝ Վենետիկի կինոփառատոնում:

«Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնադրամի իտալական գործընկեր Blue Knowledge Association-ի նախաձեռնությամբ, հանձին ասոցիացիայի տնօրեն՝ Orietta Trevisanato Zampieri-ի՝ սեպտեմբեր ամսին նախատեսվում է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի ներկայացումը և ցուցադրություններն  Իտալիայում՝ Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում։  Ինչպես նաև նախատեսվում են հանդիպումներ, քննարկումներ կինոոլորտի ականավոր ներկայացուցիչների, դիստրիբյուտորների, վաճառքի գործակալների, պրոդյուսերների հետ`  «Վերջին բնակիչը» ֆիլմի, ռեժիսորի հաջորդ՝ «Դրախտի դարպասը» կինոնախագծի և առաջիկա այլ ծրագրերի հետ կապված։ 

«Անհրաժեշտ է հայկական կինոյի զարգացման որակական մի նոր վերելք ամրագրենք աշխարհում, միջազգային հարթակներում նպաստենք դրա հեղինակության բարձրացմանը: Ես դա  փորձում եմ անել իմ ֆիլմերի միջոցով՝ համընդհանուր ուշադրության արժանացնելով հայկական կինոն և վեր հանելով համահայկական նշանակության հիմնախնդիրներ՝ ներառյալ  ղարաբաղյան խնդիրը։ «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունները համաշխարհային ամենահարգի՝ Կաննի կինոշուկայում, Շանհայի և Վենետիկի կինոփառատոններում այդ ուղղությամբ կատարվող մեր ջանքերի շոշափելի արդյունքներից են: Հօգուտ հայկական կինոյի զարգացման և մեր համընդհանուր նպատակների իրագործման՝ մենք միշտ բաց ենք առաջարկությունների և համագործակցությունների համար: Այդ ճանապարհին կարևորում եմ ոչ միայն անհատական նախաձեռնողականությունը, այլ նաև՝ պետական աջակցող և երբեմն համակարգող ձեռքի առկայությունը, ինչը միջազգային շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում թե՛ կինոնախագծերի և թե՛ հենց պետության համար՝ հատկապես ազգային  ռազմավարական նշանակության հարցեր բարձրացնելու գործում»,- հիմնադրամի փոխանցմամբ՝ ասել է Ջիվան Ավետիսյանը։

Սեպտեմբերի 5-ին «Վերջին բնակիչը» ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնի Venice production Bridge-ում, որի ժամանակ, բացի տարբեր հյուրերից, ներկա կլինեն ֆիլմի ստեղծագործական և դերասանական կազմերի անդամներ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Իտալիայում՝ «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրություններն իրականացվում են Վենետոյի (վարչական կենտրոնը` Վենետիկ) նահանգապետ Լուկա Զայայի բարձր  հովանավորությամբ և անմիջական մասնակցությամբ։

 

Placeholder
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում