Մարզիչ. Մալխաս Ամոյանը պետք է ոսկե մեդալ նվաճեր
Սպորտ
12:12 08/08/2017
Հայաստան

Մարզիչ. Մալխաս Ամոյանը պետք է ոսկե մեդալ նվաճեր

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն այս գիշեր Տամպերեից վերադարձել է Երևան:

Հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է. «Մեր մասնակցությունն աշխարհի առաջնությանը համարում եմ բավարար, թեև ավելի շատ սպասելիքներ ունեինք և ավելին կարող էինք անել: Մալխաս Ամոյանը պետք է ոսկե մեդալ նվաճեր, սակայն եզրափակիչ գոտեմարտում մրցավարները վերջին 15 վայրկյաններին հաղթանակը նվիրեցին իրանցի ըմբիշին: Այդպես ասում եմ, որովհետև իրանցին աշխարհի չեմպիոն դարձավ տեխնիկական ոչ մի հնարք չկատարելով: Եզրափակչի ճանապարհին Ամոյանը ավելի ուժեղներին՝ ադրբեջանցուն, թուրքին, ուկրաինացուն, մոլդովացուն՝ Եվրոպայի մրցանակակիրներին ու չեմպիոններին էր հաղթել, սակայն եզրափակչում կատարվեց այն, ինչ ասացի»:

Մարզիչը նշել է, որ ամեն դեպքում հիասթափություն չկա, աշխատելու են նաև մեր սխալների վրա և շարունակելու ենք պայքարել:

Նրա գնահտամամբ, մՄյուս տղաներն էլ ընդհանուր առմամբ վատ չաշխատեցին, պայքարեցին իրենց հնարավորությունների սահմաններում: Սպասելիք կար 55 կգ քաշային Տիգրան Մինասյանից և Հրաչյա Պողոսյանից (60 կգ), որոնք, սակայն, պարտվել են հավասար միավորներով:

«Մեր տղաները, ինչպես ասել եմ, առաջին տարին է՝ պատանեկանից տեղափոխվել են երիտասարդական հավաքական: Իսկ այստեղ Եվրոպայի և աշխարհի առաջնություններն ավելի կոշտ են ու մրցումային ժամանակն ավելի երկար: Հույս ունեմ, որ հաջորդ տարի ավելի լավ հանդես կգանք»,-ասել է Արմեն Բաբալարյանը:

Placeholder
Մարզիչ. Մալխաս Ամոյանը պետք է ոսկե մեդալ նվաճեր