Ուսանողական խաղերում Հայաստանը հանդես կգա յոթ մարզաձևում
Սպորտ
13:20 08/08/2017
Հայաստան

Ուսանողական խաղերում Հայաստանը հանդես կգա յոթ մարզաձևում

Հայաստանի ուսանող մարզիկներն օգոստոսի 19-30-ը Թայվանի Թայբեյ քաղաքում կմասնակցեն ամառային համաշխարհային ուսանողական խաղերին:

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ, գործադիր տնօրեն Ռազմիկ Ստեփանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ մեր երկիրը ներկայացուցիչ կունենա յոթ մարզաձևում՝ ծանրամարտ, թաեքվանդո, ձյուդո, մարմնամարզություն, ջրացատկ, ուշու և սուսերամարտ.

«Թայբեյում հայ մարզիկները հանդես կգան Հայաստանի ավանդական մարզաձևերում: Կմասնակցեն մեր ուժեղագույն մարզիկները, որոնք նաև ուսանող են, կամ նոր են ավարտել ԲՈւՀ-ը: Բոլորը տվյալ մարզաձևերի հավաքական թիմերի անդամներ են: Մեծ արդյունքներ ենք ակնկալում: Աստված տա՝ նրանց նաև մարզական բախտը ժպտա:

Հայաստանը բազմիցս մասնակցել է Ունիվերսիադաներին և լավ արդյունքներ գրանցել: Այս տարի մոտ 23 մարզիկ և մարզիչ կմեկնի մրցավայր:

Ուսանողական խաղերն ուժեղ մրցաշար է: Մասնակից երկրների ու մարզիկների քանակով, մրցաշարի մակարդակով Ունիվերսիադան Օլիմպիական խաղերից հետո, ամենամեծ մարզական միջոցառումն է:

Բոլոր երկրները ներկայացնում են իրենց լավագույն մարզիկներին, իհարկե, եթե ուսանող են: Այս մրցումներին մասնակցում են օլիմպիական խաղերի, աշխարհի և մայրցամաքների առաջնությունների չեմիպիոններ և մրցանակակիրներ»,- ասել է Ռազմիկ Ստեփանյանը:

Placeholder
Ուսանողական խաղերում Հայաստանը հանդես կգա յոթ մարզաձևում