Հայաստանի զարգացման հիմնադրամը կշարունակի աջակցել Գյումրիի ձեռնարկություններին
Տնտեսություն
18:09 09/08/2017
Հայաստան

Հայաստանի զարգացման հիմնադրամը կշարունակի աջակցել Գյումրիի ձեռնարկություններին

«Գյումրիի թեթև արդյունաբերական ձեռնարկությունները արդյունավետ են օգտագործում պետական աջակցությունը, ընդլայնում են արտադրությունները, կարողանում են բանակցել և օտարերկրյա պատվերներ ստանալ, ուստի Հայաստանի զարգացման հիմնադրամը նույնպես կձգտի դիվերսիֆիկացնել միջազգային ցուցահանդեսների աշխարհագրությունը»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը՝ Գյումրի կատարած այցի ընթացքում։

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Արմեն Ավակ Ավակյանի ծանոթացել է Գյումրիում ՀԶՀ աջակցությամբ արտահանման պատվերներ ստացած ձեռնարկությունների արտադրական գործընթացին և մարզային իշխանությունների հետ քննարկել ներդրումային ծրագրեր։

ՀԶՀ աջակցությամբ «Արշալույս» ձեռնարկությունը միջազգային ցուցահանդեսների ընթացքում ստացել է արտահանման առաջին պատվերը։ «Արշալույսի» 50 աշխատողների արտադրած գուլպեղենը սպառվում է Հայաստանում և Ռուսաստանում։ Հայ-իտալական գործարար համաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ձեռնարկությունը նաև պատրաստվում է ջինսերի արտադրություն սկսել։

Գուլպաներ, զուգագուլպաներ և տրիկոտաժ արտադրող Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Լենտեքսը» Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ միջազգային ցուցահանդեսների ընթացքում ստացել է արտահանման ամենախոշոր պատվերներից մեկը։ Այս տարվա ավելի քան 100 միլիոն դրամի պատվերն իրականացնում է հաջողությամբ, ժամանակացույցի համաձայն։ 350 աշխատողները տարեկան 15 միլիոն զույգ բարձրորակ զուգագուլպաներ, տղամարդու, կանանց և մանկական գուլպաներ ու տրիկոտաժ են արտադրում։ Արտադրանքն իրացվում է «VIVA»,«LENTEX» և «DANNI» ապրանքանիշերի ներքո՝ Ռուսաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում: 

Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Գյումրիի ձեռնարկություններին՝ աշնանը կայանալիք միջազգային ցուցահանդեսներին նույնպես մասնակցելու համար։ 

Placeholder
Հայաստանի զարգացման հիմնադրամը կշարունակի աջակցել Գյումրիի ձեռնարկություններին