Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Գյուղատնտեսներին կտրամադրվեն ժամանակավոր մաքսային արտոնություններ
Գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետական աջակցությամբ ծրագրերի իրականցման ընթացքում գյուղատնտեսական տեխնիկայի, կարկտապաշտպան ցանցերի, կաթիլային ոռոգման համակարգի տեղադրման, ինչպես նաև ինտենսիվ այգիների հիմնման և կայացման անհրաժեշտ սարքավորումների ներմուծման համար առկա մաքսային վճարները գյուղատնտեսությամբ զբաղվողների համար առաջացնում են լրացուցիչ ֆինանսական բեռ: Այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում:
«Հաշվի առնելով այն, որ տեղական արտադրողները դեռևս ամբողջությամբ չեն բավարարում շուկայի պահանջները՝ անհրաժեշտ են նշված ոլորտի համար նախատեսված ապրանքների ներմուծման ժամանակավոր խրախուսման մեխանիզմներ»,-ասաց նա:
Ելնելով դրանից՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է Գյուղատնտեսության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ մեկամսյա ժամկետում համատեղ քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գյուղատնտեսության ոլորտի բարեփոխմանն ուղղված պետական աջակցության ծրագրերի շրջանակներում անհրաժեշտ ապրանքների ներմուծման մաքսային վճարների ժամանակավոր արտոնություններ սահմանելու և տեղական արտադրողներին աջակցելուն ուղղված առաջարկություններ: